Մատչելի հղումներ

Վաշինգտոնը շարունակում է հույսեր ունենալ դիվանագիտական կարգավորման հարցում


Ռուսաստանը կիրակի օրը երկարաձգել է իր զորավարժությունները Բելառուսում, Ուկրաինայի սահմանի երկայնքով երկու օր շարունակ արևելյան Ուկրաինայում ռուս անջատողականների և ուկրաինական ուժերի միջև շարունակվող բախումներից հետո: Դա տեղի է ունենում Ուկրաինա ռուսական ներխուժման մասին ԱՄՆ-ի նախազգուշացումների պայմաններում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության վերջին տեսանյութը ցույց է տալիս Յարս միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը։ Կրեմլը պնդում է, որ իր ռազմական պատրաստության զորավարժությունները և Ուկրաինայի սահմանին ավելի քան 100 հազար զինվորների առկայությունը որևէ վտանգ չի ներկայացնում իր հարևանի համար. Մոսկվան պնդում է, որ ներխուժելու որևէ մտադրություն չունի:

Իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսում շաունակվում են հնչել կոչեր՝ Ռուսաստանի դեմ ուժեղ պատժամիջոցներ կիրառելու մասին: Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը NBC-ի եթերում ասել է, որ Սպիտակ տունը շարունակում է հույսեր փայփայել՝դիվանագիտական ճանապարհով հարցը լուծելու համար:

Ըստ նրա՝ քանի դեռ տանկերը առաջ չեն շարժվում, իսկ ինքնաթիռները օդում չեն, Վաշինգտոնը կփորձի անել հնարավորը՝ ստիպելու համար նախագահ Պուտինին փոխելայն որոշումը, որն, ըստ Վաշինգտոնի, նա կայացրել է: Նրա համար դեռ կա հետ քաշվելու տարբերակ, ասում է ԱՄՆ պետքարտուղարը:

Եվ մինչ Ռուսաստանը բազմիցս հերքում է իր հարևան երկիր ներխուժելու մտադրության մասին պնդումները, այս շաբաթ հրետակոծություններն արևելյան Ուկրաինայում էլ ավելի սաստկացան, և իրավիճակը լարվեց:

Վերջերս Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատեց ՆԱՏՕ-ի անդամներին Ռուսաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները հաշվի չառնելու համար: Մի մեղադրանք, որը Միացյալ Նահանգները հերքում է:

Կիրակի օրը ABC-ի եթերում Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Քրիստինա Քավինը նշել է, որ ԱՄՆ-ը բարեխղճորեն աշխատում է Ռուսաստանի նախագահի հետ: Նա պնդում է, որ Վաշինգտոնը համապատասխան փաստաթղթեր է տրամադրել Պուտինին, ուր ներկայացված էին ամերիկյան կողմի առաջարկները ՌԴ-ի մտահոգությունների վերաբերյալ: Նրան մնում է միայն որոշել գնալ դիվանագիտական ճանապարհով, շեշտում է ամերիկացի դիվանագետը:

Թեև երկուսն էլ հրապարակայնորեն խոստանում են, որ Ուկրաինա ներխուժելու պլաններ չկան, Ռուսաստանը և նրա հարևան Բելառուսը շարունակում են համատեղ զորավարժությունները ուկրաինական սահմանին:

Կիրակի CBS հեռուստաալիքի եթերում, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը պնդում է, որ Մոսկվան ունի ռազմական պատրաստվածության իրավունք: Ըստ նրա՝ չկա ներխուժման որևէ մտադրություն: Դա ամրագրված էր ռուսական փաստաթղթերում, որոնք մենք փոխանցել ենք մեր ամերիկացի գործընկերներին և պետքարտուղարությանը, ասում է Անտոնովը։ Ռուսաստանը հրապարակայնորեն հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ շարունակելու դիվանագիտական ջանքերը՝ չլուծված բոլոր խնդիրները կարգավորելու համար։ Ռուսական զորքերը գտնվում են ինքնիշխան Ռուսաստանի տարածքում. մենք ոչ մեկին չենք սպառնում, պնդում է ՌԴ դեսպանը:

Իսկ այդ ընթացքում ամերիկացի զինվորականները 101-րդ օդադեսանտային դիվիզիայից, որոնք վերջերս են տեղակայվել Եվրոպայում, շարունակում են աջակցություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին: Ռուսաստանի գլխավոր պահանջն է Արևմուտքից, որ Ուկրաինան երբեք չանդամակցի ՆԱՏՕ-ին: Վաշինգտոնը համաձայն չէ Մոսկվայի հետ այս հարցում:

Հոդվածը պատրաստվել է Արաշ Արաբասադիի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG