Մատչելի հղումներ

Պատերազմի երրորդ շաբաթը


Այսօր, երբ ռուսական զորքերը շարունակում են Ուկրաինայի պաշարումը և դիվանագետները պայքարում են դադարեցնելու այս հակամարտությունը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կանգնում է մի ծանր հարցի առջեւ: Այդ հարցը հետեւյալն է, թե ինչպես են Ռուսաստանի դեմ կիրառվող խիստ պատժամիջոցներն անդրադառնում ամերիկացիների վրա: Բենզինի գները ԱՄՆ-ում հասել են գրեթե ռեկորդային մակարդակի, որտեղ մեկ գալոնն այսօր վաճառվում է 4 դոլարով: ՝Չնայած քաղաքական ասպարեզում իրականացող ճնշումներին, այս պահին որոշում այս հարցով չկա:

Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքիի խոսքերով, նախագահ Բայդենն այս պահին չի կայացրել Ռուսաստանից նավթի ներկրումները դադարեցնելու մասին որոշում:

Ուկրաինայի նախագահը երկուշաբթի օրը կոչ արեց Բայդենին անել գնալ այդ քայլին: Վոլոդիմիր Զելենսկիի խոսքերով, այդ եղանակով է հարկավոր հրաժարվել ահաբեկիչներին վճարելուց: ‘’Եթե նրանք չեն ցանկանում հարգել քաղաքակրթության կանոնները, ապա չպետք է քաղաքակիրթ աշխարհից ապրանքներ և ծառայություններ ստանան», ասել է նա:

Վերջին շաբաթների ընթացքում Սպիտակ տունն իր հայացքը լուռ կերպով շրջում է դեպի նավթ արդյունահանող այն երկրները, որոնցից Վաշինգտոնն իր հարաբերություններում սովորաբար պահպանում է հեռավորություն: Խոսքը նաեւ Վենեսուելայի մասին է: Այսօր կարծես թե եկել է ԱՄՆ-ի համար նավթի այլընտրանքային աղբյուրներ որոնելու ժամանակը: Սպիտակ տան պաշտոնյաները նաև հանդիպել են Սաուդյան Արաբիայի և Իրանի պաշտոնյաների հետ, սակայն այդ հանդիպումների ժամանակ բանակցությունների սեղանին են դրվում շատ այլ կարեւոր հարցեր եւս:

Ինչպես Ջեն Սաքին է ասել, ‘’Իրանի եւ միջուկային գործարքի անդամ մյուս հինգ պետությունների հետ մեր հանդիպումների նպատակն Իրանին միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից հետ պահելն է, ասել է Սաքին, ավելացնելով, որ նավթի շուրջ քննարկումներն այնուամենայնիվ գրավում են կենտրոնական տեղ:

Այս ընթացքում առաջընթաց չի գրանցվում ուկրաինա-բելառուսական սահմանին ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջեւ անցկացված հանդիպման արդյունքում: Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիի խոսքերով, իրենք հույս ունեն, որ հաջորդ անգամ կկարողանան կատարել ավելի նշանակալից քայլ դեպի առաջ:

Բայց այս անորոշ ժամանակաշրջանում մի բան անսասան է՝ ուկրաինացիների վճռականությունը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքերով,

«Ամեն մի տուն, ամեն փողոց, ամեն անցակետ անհրաժեշտության դեպքում կենաց-մահու կռիվ է տալու։ ‘’Ոչ ոք մեռնել չի ուզում, սակայն մենք նաեւ այդ գնով ենք պատրաստ պաշտպանել մեր երեխաներին ու մեր ընտանիքներին’’, ասել է նա:

Կարծր խոսքեր, երբ պատերազմը թեւակոխում է իր երրորդ շաբաթը:

XS
SM
MD
LG