Բլինքենը քննադատել է նաև Չինաստանի դիրքորոշումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը չպետք է դիտարկել որպես զիջում Ռուսաստանին։
«Ես չեմ կարծում, որ դա զիջում է», - CNN-ին ասել է պետքարտուղարը:
«Իմ կարծիքով, սա միայն իրերի իրական վիճակի արտացոլումն է: Դա այն է, որ նույնիսկ մինչև ռուսական ագրեսիան, Ուկրաինան չէր պատրաստվում հաջորդ օրը անդամակցել ՆԱՏՕ»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին հայտարարել էր, որ անհրաժեշտ է ճանաչել այն փաստը, որ երկիրը տեսանելի ապագայում չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
Բլինքենը նաև քննադատել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության հարցում։
«Այն փաստը, որ Չինաստանը չի դատապարտել Ռուսաստանի գործողությունները, ինքնին շատ բան է ասում՝ ոչ միայն Ռուսաստանին, Ուկրաինային կամ Եվրոպային, այլ ողջ աշխարհին»,- ասել է Բլինքենը։
«Երկրորդը,- շարունակեց նա,- մենք անհանգստացած ենք Չինաստանի կողմից Ռուսաստանին նյութական օգնություն տրամադրելու կամ մեր սահմանած պատժամիջոցները խաթարելու հնարավորությամբ: Մենք դա ուղղակիորեն հայտնել ենք Չինաստանին, այդ թվում՝ վերջին 24 ժամվա ընթացքում, երբ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել է իր չինացի գործընկերոջ հետ։