Մատչելի հղումներ

Խաղաղության փնտրտուքներում. Բլինքենը մեկնում է Փարիզ


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի օրը մեկնելու է Փարիզ՝ հանդիպելու համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը կանոնավոր հեռախոսային կապ է պահպանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։

Այս այցը դիտվում է որպես ԱՄՆ-ի և եվրոպական երկրների դիվանագիտական ջանքերում նոր փուլ, որի նպատակն Ուկրաինայում պատերազմն ավարտելն է:

Սակայն պետքարտուղարն ակնարկել է, որ դիվանագիտական նոր նախաձեռնություններով հանդես չի գալիս:

«Մոսկվային ուղղված մեր խոսքերում չկա եւ ոչ մի փոփոխություն», - ասել է Բլինքենը մեկնելուց առաջ: «Մեր ուղերձը Ռուսաստանին և նախագահ Պուտինին մնում է նույնը՝ դադարեցրեք պատերազմը և դադարեցրեք այն հիմա», ասել է նա։

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները պայմանավորվել են ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը:

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեսավեհաժողովի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Հանդիպումից հետո Սպիտակ տան կողմից հրապարակված հակիրճ հայտարարության մեջ ասված է, որ արևմտյան առաջնորդները ‘’վերահաստատել են սկսված պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու իրենց վճռականությունը’’: Հայտարարության մեջ, սակայն, չի նշվում ռուսական նավթի և այլ էներգակիրների վրա ներմուծման արգելք սահմանելու հնարավորության մասին։ Այլ կոնկրետ պատժամիջոցներ նույնպես չեն նշվում։

Տեսահանդիպումից առաջ Շոլցն ասել է, որ ռուսական էներգակիրների ներմուծումը «չափազանց կարևոր» է Եվրոպայի համար, և արգելքը վտանգի տակ կդնի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը:

Բայդենը, պատասխանելով ռուսական նավթի ներկրման արգելքի հնարավորության մասին հարցին, ասել է, որ «ոչինչ օրակարգից հանված չէ», սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին ընդգծել է, որ այդ հարցը դեռ քննարկման փուլում է, և որոշում դեռեւս չի կայացվել:

Բլինքենը խոստացել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ կշարունակի աջակցել Ուկրաինային` առաջին հերթին ուժեղացնելով անվտանգության ոլորտում Ուկրաինային հատկացվող օգնությունը: Նա ասել է, որ նախագահ Բայդենը վերջին երկու շաբաթների ընթացքում Ուկրաինային պաշտպանական ծախսերի նպատակով տրամադրել է լրացուցիչ 350 միլիոն դոլար, և որ «այդ գումարի մեծ մասն արդեն հոսել է Ուկրաինա ու շատ արդյունավետ կերպով օգտագործվում է ռուսական ագրեսիայի դեմ»։

Բացի այդ, օրեր առաջ Բայդենը Կոնգրեսից խնդրել էր Ուկրաինային 10 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ծայրահեղ անհրաժեշտության օգնություն տրամադրել։

Բլինքենը վստահեցրել է, որ այդ գումարն Ուկրաինայի տարածքում եւ դրա սահմաններից դուրս կօգտագործվի հումանիտար նպատակաների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի արևելյան թեւն ամրապնդելու համար:

XS
SM
MD
LG