Մատչելի հղումներ

Պետքարտուղարությունը Մինսկում բանակցությունների Մոսկվայի գաղափարն անվանել է «դիվանագիտություն՝ զենքի սպառնալիքի ներքո»


ԱՄՆ-ն «անլուրջ» է որակում Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցելու Ռուսաստանի առաջարկը

Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները Ուկրաինայի հետ բանակցելու Ռուսաստանի առաջարկը որակեց որպես «անլուրջ» և կոչ արեց Մոսկվային ցույց տալ իր հավատարմությունը դիվանագիտությանը` դուրս բերելով իր զորքերը հարևան պետության տարածքից:

Ուկրաինա ներխուժումից հետո «այժմ մենք տեսնում ենք, որ Մոսկվան առաջարկում է զենքի սպառնալիքի ներքո զբաղվել դիվանագիտությամբ: Սա իրական դիվանագիտություն չէ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի ղեկավարության հետ բանակցությունների համար։

Վաշինգտոնը որևէ ազդանշան չի տեսնում, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է լարվածության դեէսկալացիայի Ուկրաինայի հարցում, ասել է Փրայսը պետքարտուղարության մամլո ասուլիսի ժամանակ։

Թեև Ուկրաինան դեռ պաշտոնապես չի պատասխանել Կրեմլի առաջարկին, ԱՄՆ-ը նաև մատնանշել է, որ բանակցությունները տեղի կունենան Բելառուսում, որը թույլ է տվել ռուսական զորքերին օգտագործել իր տարածքը Ուկրաինայի վրա հարձակվելու համար։

Փրայսն ասել է, որ ներխուժումից առաջ Մոսկվան միայն «շինծու դիվանագիտությամբ» էր զբաղվում։

«Մենք և մեր դաշնակիցներն առաջին իսկ օրվանից կոչ ենք անում իրական դիվանագիտական լուծում գտնել: Եթե նախագահ Պուտինը լուրջ է վերաբերվում դիվանագիտությանը, ապա նա գիտի, թե ինչ կարող է անել»,- ասել է Պրայսը։ «Մենք ցանկանում ենք նախագահ Պուտինին հասկացնել, որ մենք չենք մասնակցի զենքի սպառնալիքի ներքո հարկադրված դիվանագիտությանը, որը չի կարող որևէ կերպ վերջ դնել այս հակամարտությանը մեկընդմիշտ»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Պուտինի դեմ, ինչպես արդեն արել են Բրյուսելն ու Լոնդոնը, Փրայսն ասել է, որ «բոլոր տարբերակները դիտարկվում են»՝ հավելելով, որ Վաշինգտոնը ուշադիր դիտարկում է լրացուցիչ պատժամիջոցների տարբերակներ, որոնք կարող են համապատասխան ճնշում գործադրել Ռուսաստանի, Պուտինի և նրա շրջապատի վրա:

Պետության ղեկավարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հազվագյուտ, բայց ոչ աննախադեպ քայլն իրականացվել է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ ռուսական զորքերը ներխուժեցին Ուկրաինա, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ հարձակումն է եվրոպական պետության դեմ:

XS
SM
MD
LG