Միացյալ Նահանգների իշխանությունները ծանրութեթև են անում Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից այս տարվա հունիսին ստացված վնասվածքները բուժելու նպատակով այցի հնարավորությունը:
ԱՄՆ-ի բժշկական ոլորտի պաշտոնատար բարձրաստիճան անձանցից մեկը երկուշաբթի օրը հայտնել է, որ Եմենի նախագահի աշխատակազմը վերջերս դիմում է հղել Միացյալ Նահանգներին՝ այս երկրում հատուկ բուժում անցնելու թույլտվություն ստանալու նպատակով:
Պաշտոնատար անձի համաձայն, Եմենի նախագահի այս դիմումին հնարավոր կլինի արձագանքել դրական միմիայն բժշկական նպատակներով այցելություն կատարելու դեպքում:
Եմենի նախագահ Սալեհը շաբաթ օրը հայտնել է, որ ուղևորվելու է Միացյալ Նահանգներ՝ իր երկրում փետրվարի 21-ին կայանալիք նախագահական ընտրություններից ընդառաջ քաղաքական մթնոլորտը հանդարտեցնելու, այլ ոչ թե բժշկական նպատակներով: Նրա համաձայն, դեռևս չորոշված ամսաթվին ինքը կվերադառնա Եմեն՝ ընդդիմությունը ներկայացնելու նպատակով:
Նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը Եմենը 33 տարի ղեկավարելուց հետո անցյալ ամիս համաձայնվել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ տեղի տալով իր հրաժարականը պահանջող բողոքի ցույցերին: