Մատչելի հղումներ

Եմենի նախագահը Սաուդյան Արաբիայում կստորագրի իշխանությունը փոխանցելու մասին համաձայնագիրը


Ցույց Եմենում՝ նախագահ Սալեհին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալու դեմ
Ցույց Եմենում՝ նախագահ Սալեհին քրեական հետապնդումից անձեռնմխելիություն տալու դեմ

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը չորեքշաբթի օրը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագրի ստորագրման:

Ծրագրով նախատեսվում է Սալեհի իշխանությունը փոխանցել իր տեղակալին և ձևավորել ազգային միասնականության կառավարություն՝ այսպիսով ավարտի հասցնելով Եմենում արդեն տասը ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը:

Եմենի պետական լրատվամիջոցների համաձայն, Էր Ռիադում Եմենի նախագահը ստորագրելու է իշխանության փոխանցման ծրագիրը, ինչպես նաև ծրագրի իրականացման մեխանիզմն ամրագրող փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ Եմենում Միավորված ազգերի կազմակերպության հանձնակատարը երեքշաբթի օրը հայտնել էր այն մասին, որ նախագահ Սալեհը և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել իշխանության փոխանցման հարցի շուրջ:

Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագիրը նախատեսում է նախագահի իշխանությունը փոխանցել Եմենի փոխնախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիին, որի փոխարեն նախագահին տրամադրվելու է անձեռնմխելիություն քրեական հետապնդումից:

Փոխնախագահի կողմից մինչև մի քանի ամիս անց կայանալիք վաղաժամ ընտրություններն իշխանությունը պահպանելու ընթացքում նախագահ Սալեհը կպահպանի նաև երկրի նախագահի պատվավոր կոչումը:

XS
SM
MD
LG