Մատչելի հղումներ

Բռնություններ Եմենում՝ նախագահական ընտրությունների նախօրեին


Բռնություններ Եմենում՝ նախագահական ընտրությունների նախօրեին
Բռնություններ Եմենում՝ նախագահական ընտրությունների նախօրեին

Եմենում նախագահական ընտրությունների նախօրեին երկրի հարավում գտնվող ընտրատարածքներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո սկսված հրաձգության արդյունքում զոհվել է մեկ զինծառայող:

Ադեն քաղաքում տեղի ունեցած բռնությունները ևս մեկ ապացույց են այն հանգամանքի, որ արաբական աշխարհի այս ամենաաղքատ պետությունում առաջացել է «անվտանգության վակուում»՝ երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլահ Սալեհի դեմ մեկ տարվա ընթացքում անցկացված ապստամբության պատճառով:

Եմենում երեքշաբթի օրը կայանալիք քվեարկությունը դառնալու է ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացած՝ Եմենի Պարսից ծոցի հարևանների ջանքերով ձեռք բերված պայմանավորվածության գագաթնակետը, որի համաձայն երկրում 33 տարի իշխանության գլուխ կանգնած նախագահ Սալեհին իր պաշտոնում կփոխարինի փոխնախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հաիդին:

Երկրի մայրաքաղաք Սանայում երկուշաբթի օրը հազարավոր մարդիկ մասնակցել են նախընտրական ցույցի՝ իրենց աջակցությունը հայտնելով Հադիի թեկնածությանը: Սակայն այն հանգամանքը, որ իշխանության փոխանցման ծրագրի համաձայն Հադին միակ թեկնածուն է դարձել, առաջացրել է ընտրություններում ընտրողների ցածր մասնակցության և, հետևաբար, ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ մտահոգություններ:

Եմենի նախագահը չորրորդ բռնապետն է, որի իշխանությունը տապալվել է արաբական աշխարհում մոտ մեկ տարի տեղի ունեցող «արաբական գարնան» խռովությունների արդյունքում: Սալեհն այժմ գտնվում է Միացյալ Նահանգներում՝ բուժում ստանալով անցյալ տարվա հունիս ամսին իր նստավայրի ուղղությամբ իրականացված հարձակման արդյունքում ստացված վնասվածքներից:

XS
SM
MD
LG