ՄԱԿ-ի հանձնակատար. «Սալեհը համաձայնվել է փոխանցել իշխանությունը»

ՄԱԿ-ի հանձնակատար. «Սալեհը համաձայնվել է փոխանցել իշխանությունը»

Եմենում Միավորված ազգերի կազմակերպության հանձնակատարի համաձայն, բանագնացները ձեռք են բերել համաձայնություն երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի կողմից իշխանության փոխանցման հարցում, ինչը կարող է նպաստել այս երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամի լուծման:

ՄԱԿ-ի հանձնակատար Ջամալ բին Օմարը երեքշաբթի օրը հայտնել է, որ բանակցություններում մասնակցող քաղաքական առաջնորդները համաձայնվել են Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման նախաձեռնությանը, որով նախատեսվում է Սալեհի իշխանությունը փոխանցել իր տեղակալին: Իշխանության փոխանցումից հետո երկրում վաղաժամ ընտրություններ կանցկացվեն:

Եմենի նախագահ Սալեհը նախկինում երեք անգամ իր համաձայնություն էր տվել Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագրին, սակայն համաձայնությունը տալուց հետո հրաժարվել էր ստորագրել այս գործարքը:

Բին Օմարը երեքշաբթի օրը հայտնել է սակայն, որ հանդիպման ընթացքում բանագնացները քննարկել են նաև իշխանության փոխանցման ծրագրի ստորագրման արարողության մանրամասները:

Այս ընթացքում երկրում շարունակվել են մարտերը «ակ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների հետ, որոնք փորձում են ամրապնդել իրենց դիրքերը երկրի հարավային մասում:

Եմենի զինված ուժերի պաշտոնատար անձինք հինգշաբթի օրը հայտնել են, որ հարավային Աբյան նահանգում զինծառայողների և իրենց հետ համատեղ գործող ցեղախմբերի մարտիկների հետ երկուշաբթի օրվանից շարունակվող բախումների արդյունքում ոչնչացվել է «ալ-Քայիդա»-ի առնվազն 14 զինյալ: