Եմենի քաղաքական ընդդիմությունը բանակցություններ է վարում երկրի ղեկավարի պաշտոնակատարի հետ` փորձելով ձեռք բերել պայմանավորվածություն Սաուդյան Արաբիայում բուժվող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականի մասին:
Փոխնախագահ Աբդ ալ-Ռաբ Մանսուր Հադին և ընդդիմության առաջնորդները երկուշաբթի օրը հանդիպում են անցկացրել, որի ընթացքում մշակվել է իշխանության փոխանցման մասին քննարկումներն անցկացնելու շրջանակ:
Եմենի նախագահը ներկայումս բուժվում է Սաուդյան Արաբիայում` ապաքինվելով հունիսի սկզբին իր նստավայրի ուղղությամբ իրականացված հարձակման արդյունքում ստացված վնասվածքներից:
Նախագահի բացակայության ընթացքում ընդդիմադիր ուժերը վերսկսել են երկրում կառավարական անցումային խորհուրդ ստեղծելու իրենց պահանջները:
Եմենի իշխանությունները երկուշաբթի օրը հայտնել են, որ «ալ-Քաիդա»-ի զինյալների վերահսկողության տակ գտնվող Ջաար քաղաքի ուղղությամբ իրականացված հարձակումը երեք զոհի պատճառ է դարձել: