Եմենի զինված ուժերը երկրի հարավում ոչնչացրել են «ալ-Քայիդա»-ի հետ ենթադրաբար կապեր ունեցող մեկ տասնյակից ավելի զինյալ:
Երկրի զինուժի ու բժշկական աղբյուրները չորեքշաբթի առավոտյան հայտնել են, որ Աբիան նահանգում գտնվող Զինջիբար քաղաքի մոտակայքում տեղի ունեցած բախումների արդյունքում ոչնչացվել է առնվազն 30 զինյալ:
Զինյալների հետ բախումների ընթացքում զոհվել է երկրի զինված ուժերի յոթ զինծառայող:
Եմենի նախագահի դեմ այս երկրում արդեն վեց ամիս շարունակվող ապստամբության ընթացքում զինյալներին հաջողվել է վերահսկողություն հաստատել երկրի հարավային մի քանի տարածքի նկատմամբ:
Կառավարական ուժերը պայքար են մղում մահմեդական ծայրահեղականներին իրենց զբաղեցված տարածքներից դուրս մղելու ուղղությամբ, սակայն արդեն մի քանի շաբաթ շարունակվող մարտերն ու օդային հարձակումները որևէ նշանակալի արդյունք չեն տվել:
Եմենի նախագահը, որը ծանր վնասվածքներ էր ստացել հունիս ամսին իր նստավայրի ուղղությամբ իրականացված հարձակման պատճառով, դեռևս ապաքինվում է Սաուդյան Արաբիայում: