Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը չորեքշաբթի օրը ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագրի ստորագրման:
Ծրագրով նախատեսվում է Սալեհի իշխանությունը փոխանցել իր տեղակալին և ձևավորել ազգային միասնականության կառավարություն՝ այսպիսով ավարտի հասցնելով Եմենում արդեն տասը ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամը:
Եմենի պետական լրատվամիջոցների համաձայն, Էր Ռիադում Եմենի նախագահը ստորագրելու է իշխանության փոխանցման ծրագիրը, ինչպես նաև ծրագրի իրականացման մեխանիզմն ամրագրող փաստաթուղթը:
Հիշեցնենք, որ Եմենում Միավորված ազգերի կազմակերպության հանձնակատարը երեքշաբթի օրը հայտնել էր այն մասին, որ նախագահ Սալեհը և ընդդիմության ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել իշխանության փոխանցման հարցի շուրջ:
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագիրը նախատեսում է նախագահի իշխանությունը փոխանցել Եմենի փոխնախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիին, որի փոխարեն նախագահին տրամադրվելու է անձեռնմխելիություն քրեական հետապնդումից:
Փոխնախագահի կողմից մինչև մի քանի ամիս անց կայանալիք վաղաժամ ընտրություններն իշխանությունը պահպանելու ընթացքում նախագահ Սալեհը կպահպանի նաև երկրի նախագահի պատվավոր կոչումը: