ԱՄՆ-ի դեսպանությունները զգուշացնում են «Վիքիլիքս» կայքի նոր հրապարակումների անցանկալի հետևանքների մասին

ԱՄՆ-ի դեսպանությունները զգուշացնում են «Վիքիլիքս» կայքի նոր հրապարակումների անցանկալի հետևանքների մասին

Ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի դեսպանությունները դաշնակիցներին զգուշացնում են, որ «Վիքիլիքս» կայքը նախատեսում է հրապարակել գաղտնի հեռագրեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա` բացահայտելով զգայուն հարցերը և ԱՄՆ-ին տեղեկատվություն տրամադրող աղբյուրները:

«Վաշինգտոն փոստ» օրաթերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին հայտնել է, որ արտգործնախարարությունը պատրաստ է հնարավոր հրապարակումներին: Ըստ «Վիքիլիքս» կայքի, հրապարակվելիք փաստաթղթերի ծավալը մի քանի անգամ գերազանցելու է Իրաքին վերաբերող անցյալ ամսվա փաստաթղթերի ծավալից:

«Արտգործնախարարությունը ուսումնասիրել է դիվանագիտական հարյուրավոր հեռագրեր և գնահատել հասարակության համար այդ փաստաթղթերը հասանելի դառնալու հնարավոր հետևանքները», - ասել է Քրաուլին:

Քրաուլին ասել է, թե ԱՄՆ-ի արտգործնախարարությունում «հաստատ չեն կարող ասել, թե ինչ է նախատեսում անել «Վիքիլիքս»-ը», սակայն ավելացրել, որ ամերիկյան շահերի համար հետևանքները կարող են լինել բավականին ծանր: Նա ասել է, որ հեռագրերում, օրինակ, կարող է բացահայտվել, որ այլ պետությունների կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներն այդ կառավարությունների ներքին «խոհանոցի» մասին զգայուն տեղեկատվություն տրամադրող աղբյուր են եղել` այսպիսով ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության համար ապագայում դժվարացնելով տեղեկությունների ձեռքբերումը:

«Վտանգվելու է մեզ կարևորագույն տեղեկություններ և գաղափարներ տրամադրող մարդկանց կյանքը: Նրանք մեզ օգնում են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, և տրամադրում են տեղեկություններ, որոնք նպաստում են մեր քաղաքականության ու գործողությունների ձևավորմանը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը: