«Վիքիլիքս» կայքում նոյեմբերի 28-ին բացահայտվել են բազմաթիվ գաղտնի դիվանագիտական հեռագրեր:
Որոշ հեռագրերի պարունակությունը վերաբերում է նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի փոխհարաբերություններին: Մասնավորապես, 2008 թվականի դեկտեմբերի 24-ով թվագրված հեռագրում նշվում է, որ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մինչև պատժամիջոցներ հասնող հատուցման միջոցների կիրառման սպառնալիքներով, եթե Հայաստանը չդադարեցնի Իրանին զենք փոխանցելու գործողությունները: Նրանց համաձայն, այդ զենքերով Իրանի դաշնակիցները Իրաքում սպանել են ԱՄՆ-ի զինծառայողների: Հայաստանի դեմ պատժամիջոցները կարող էին ներառել ԱՄՆ-ի օգնության դադարեցումն ու արտահանման որոշ սահմանափակումներ:
Վերոհիշյալի վերաբերյալ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մեկնաբանել է, որ «այս հեռագրում ներկայացված և 2008 թվականից տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի կառավարությունը, վերանայելով գործին առնչվող բոլոր փաստերը, եկել էր այն եզրահանգման, որ չարժե Երևանի դեմ կիրառել պատժամիջոցներ»:
«Գարդիան» թերթի փոխանցմամբ, 2010 թվականի փետրվարի 25-ով թվագրված մեկ այլ հեռագրի համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև քաղաքական մրցակցության վերաբերյալ ԱՄՆ-ի դիվանագետների ներկայությամբ արված կոպիտ կատակը նրան դժվարին դրության մեջ կարող էր դնել Ռուսաստանի ղեկավար այդ անձանց հետ հանդիպումների ընթացքում:
Նույն ամսաթվով թվագրված հեռագրում, որն ուղարկվել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունից, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյս Ջեֆրին նշել է, որ Թուրքիան պարզ խոսում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացումը պայմանավորված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արձանագրություններին հավանություն տալու գործոնով:
«Վիքիլիքս» կայքում գաղտնի փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում «Վիքիլիքս»-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի համար, այլ նաև պետությունների միջև հարաբերությունների վրա: Հաշվի առնելով հնարավոր ազդեցությունը` մենք դատապարտում ենք այս կարգի չարտոնված հրապարակումներն ու ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը հետագայում նման խախտումները կանխելու համար»:
«Չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որևէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական ու ոչ ամբողջական պատկերն են ներկայացնում և, առանձին վերցված, չեն կարող համարվել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը ներկայացնող փաստաթուղթ», - ասվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված հայտարարությունում: