Միացյալ Նահանգները դատապարտել է «Վիքիլիքս» կայքում ԱՄՆ-ի ավելի քան 250 հազար դիվանագիտական հաղորդագրությունների հրապարակումը։
Արտգործնախարար Հիլարի Քլինթընը հանդես է եկել հայտարարությամբ՝ հրապարակումը որակելով որպես ամերիկյան արտաքին քաղաքականության շահերի և միջազգային հանրության դեմ ուղղված հարձակում։ Նրա համաձայն, Միացյալ Նահանգներն ագրեսիվ քայլեր է գործադրելու՝ տեղեկություններն առևանգած անձանց պատասխանատվության ենթարկելու համար և տեղեկությունների արտահոսքերն ապագայում կանխարգելելու նպատակով։
Քլինթընը նշել է, որ հրապարակումը վտանգել է բազում մարդկանց կյանքեր եւ երկրի անվտանգությունը, ինչպես նաեւ վնաս հասցրել միասնական խնդիրների լուծման ուղղությամբ այլ պետությունների հետ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերին։
Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսի համաձայն, տեղեկություններն առևանգած և հրապարակած անձինք հանցագործներ են։
Գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը հայտնել է, որ տեղեկությունների հրապարակման կապակցությամբ սկսվել է քրեական հետաքննություն։