ԱՄՆ գերագույն դատարանը երկուշաբթի որոշել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անձեռնմխելի է, եթե քրեական հետապնդումն իրականացվում է իր նախագահության օրոք ձեռնարկված պաշտոնական որևէ գործողության առնչությամբ, որին նա դիմել է՝ խուսափելու 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից։ Միաժամանակ, Թրամփը զուրկ է անձեռնմխելիությունից, եթե խոսքը ոչ պաշտոնական գործողությունների մասին է:
Երկրի բարձրագույն դատարանը ստորադաս ատյաններին է թողել որոշումը, թե որ դեպքերում Թրամփը կարող է պատասխանատվության ենթարկվել:
Դատարանի որոշումը նաև երաշխավորում է, որ Թրամփը չի կարող դատվել այս նոյեմբերի 5-ի ընտրություններից առաջ։ Սպիտակ տան նախկին ղեկավարը ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածուն է:
Թրամփը բազմիցս հերքել է, թե որևէ ապօրինի քայլ է կատարել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու նպատակով՝ փոխարենը պնդելով, որ 2020 թվականի ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, որոնց հետևանքով ինքը չի ընտրվել ԱՄՆ նախագահ:
Ինչևէ, եթե Դոնալդ Թրամփը պարտվի այս նոյեմբերի ընտրություններում, կարող է կանգնել դատարանի առաջ՝ 2020 թվականի ընտրություններին վերաբերող գործի պատճառով։ Եթե հաղթի, կարող է հանձնարարել երկրի գլխավոր դատախազին դադարեցնել գործը:
ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերի խոսքով, ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը «տխուր օր է մեր ժողովրդավարության համար»:
«Մեր դատական համակարգի հիմքն է, որ որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Դավաճանությունը կամ ապստամբության հրահրումը չպետք է համարվեն նախագահին վերապահված սահմանադրական լիազորություններ։ Գերագույն դատարանի այս խայտառակ որոշումը, որը հետևում կանգբնած են Թրամփի կողմից նշանակված երեք դատավորներ, թույլ է տալիս նախկին նախագահին թուլացնել մեր ժողովրդավարությունը՝ խախտելով օրենքը: Այս որոշումը խաթարում է գերագույն դատարանի նկատմամբ վստահությունը և ցույց է տալիս, որ այսօր մեր դատարաններում առաջնային է քաղաքական ազդեցությունը»,- ասված է Շումերի հայտարարությունում:
Հանրապետական սենատոր Մարշա Բլեքբերնը ողջունել է ԱՄՆ բարձրագույն դատական ատյանի որոշումը՝ նշելով, թե այն «հաստատում է օրենքի գերակայությունը մեր երկրում և խոչընդոտում է դեմոկրատների փորձերը՝ մեր իրավական համակարգն օգտագործել Դոնալդ Թրամփի դեմ»:
«Ամերիկացիները բազմիցս տեսել են, որ Բայդենի վարչակազմն անում է ամեն ինչ՝ նախագահ Թրամփին ոչնչացնելու համար, բայց մենք՝ Ամերիկայում չենք սատարի նման քայլը»,- ասել է սենատոր Բլեքբերնը:
Գերագույն դատարանի այս որոշումն առաջինն է, երբ դատական ատյանն եզրակացնում է՝ արդյո՞ք երկրի նախկին նախագահը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել այն գործողությունների համար, որոնք նա կատարել է պաշտոնավարման ընթացքում, թե՞ ունի անձեռնմխելիություն:
Թրամփը պնդում էր իր անձեռնմխելիության մասին՝ ասելով, որ չորս տարի առաջ հանդես էր գալիս որպես նախագահ և պարտվել է բացառապես ընտրակեղծիքների և խախտումների պատճառով: Այս գործով Դոնալդ Թրամփը տանուլ է տվել մոտ հիսուն դատավարություն:
ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը, մոտ մեկ տարի առաջ, չորս մեղադրանք էր ներկայացրել Թրամփին՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքները ապօրինաբար չեղարկելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար: Սմիթը մեղադրել էր Դոնալդ Թրամփին, որ նա ստիպել է ԱՄՆ Արդարադատության նախարարության պաշտոնյաներին՝ աջակցել իր պնդումներին, թե համատարած խարդախությունը խանգարել է իրեն հաղթել: Մեղադրական եզրակացության մեջ նաև ասված էր, թե Թրամփը ճնշում գործադրել այն ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վրա, որպեսզի վերջինս արգելափակի կամ հետաձգել տա ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը, մինչ Կոնգրեսը կավարտի ձայների վերահաշվարկը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ելքը որոշվում է ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ երկրի քաղաքացիների կողմից ընտրված ընտրիչների կոլեգիայի ձայներով, և ընտրիչները ընտրվում են ըստ տվյալ նահանգում առկա բնակչության թվի։
ԱՄՆ գերագույն դատարան միջնորդությունը ներկայացնելիս՝ Թրամփը պնդում էր, որ ինքը գործել է ոչ թե իշխանության մնալու, այլ ընտրությունների ազնվությունն ապահովելու համար, և, հետևաբար, չի կարող պատասխանատվության ենթարկվել: Թրամփի փաստաբանները պնդում էին, թե նրա գործողությունները հիմնված են Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի, «պաշտոնական պարտականությունների վրա»։
Ինչևէ, ԱՄՆ գերագույն դատարանն այս որոշումը կարող է նախադեպ դառնալ ապագա բոլոր նախագահների համար:
Այս տարեսկզբին Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ բոլոր նախագահները պետք է անձեռնմխելիություն ունենան՝ մեղադրանքներից, քանզի հակառակ դեպքում Սպիտակ տան յուրաքանչյուր նոր ղեկավար կսկսի մեղադրել իր նախկին հակառակորդին:
Հիշեցնենք, Նյու Յորք նահանգի դատարանում Թրամփն արդեն դատապարտվել է 34 քրեական գործերով, և այս մայիսի վերջին երդվյալ ատենակալները նրան մեղավոր ճանաչեցին հաշվապահական գրառումները կեղծելու մեջ՝ 2016 թվականի նախագահական ընտրարշավից առաջ պոռնոդերասանուհուն արված 130 հազար դոլար վճարը թաքցնելու համար, որպեսզի հրապարակավ հայտնի չդառնա իրենց սիրային կապի մասին:
Սպասվում է, որ այս գործով դատարանի վճիռը պետք է հրապարակվի մի քանի օրից՝ հուլիսի 11-ին, քանզի երդվյալ ատենակալների որոշումը դեռ դատավճիռ չէ, և Թրամփը կարող է պայմանական ազատազրկում ստանալ կամ դատապարտվել մինչև չորս տարվա ազատազրկման։
Ընտրություններին ապօրինաբար միջամտելու քրեական գործից զատ, Թրամփին ներկայացվել են ևս երկու քրեական մեղադրանքներ՝ Ջորջիա նահանգում 2020 թվականի ընտրությունների արդյունքներն ապօրինաբար չեղարկելու փորձի համար։ Այդ նահանգում 2020 թվականին Թրամփը պարտվել է Ջո Բայդենին՝ մեծ տարբերությամբ։ Եվս մեկ մեղադրանք առնչվում է երկրի ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթերն ապօրինաբար պահելուն՝ Թրամփին պատկանող Մար-ա-Լագոյի կալվածքում՝ դրանք Ազգային արխիվ փոխանցելու փոխարեն, ինչը պետք է աներ, երբ 2021 թվականին ավարտվեց նախագահի իր լիազորությունների ժամկետը: