ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները վստահություն է հայտնել, որ Եվրոպական Միությունը գտնելու է համաշխարհային ֆինանսական շուկաների անհանգստությունն առաջացնող պարտքային ճգնաժամը հաղթահարելու ուղիներ:
Այս հայտարարությամբ Գայթները հանդես է եկել չորեքշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ֆրանսուա Բարուանի հետ հանդիպումից հետո:
Գայթների Ֆրանսիա կատարած այցելությունը վերջինն է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի կողմից Եվրոպա կատարվող այցելության ընթացքում, որը միտված էր հորդորելու եվրոպական պետությունների ղեկավարներին դիմել վճռական գործողությունների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը և ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզի շաբաթվա սկզբին ներկայացրել են եվրոյի գոտու անդամ պետությունների ազգային բյուջեների նկատմամբ առավել խիստ հսկողություն հաստատելու մասին ծրագիրը: Այս ծրագիրը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դիմադրության, որը սակայն չի օգտագործում եվրոն որպես ազգային արժույթ:
Վարկանիշային «Standard and Poors» գործակալությունն այս շաբաթ եվրոն որպես ազգային արժույթ օգտագործող 17 պետություններից 15-ի, ներառյալ Գերմանիայի և Ֆրանսիայի, նկատմամբ սահմանել է վարկային բացասական կանխատեսում: Գործակալությունը զգուշացրել է նաև, որ կարող է նվազեցնել պետական պարտքի խնդիրներ ունեցող եվրոպական պետություններին ֆինանսական օգնություն տրամադրելու համար ստեղված հիմնադրամի վարկային բարձր վարկանիշը:
«Standard and Poors»-ը նաև քննադատել է Եվրամիության պաշտոնատար անձանց՝ մայրցամաքում տարածված պարտքային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ «դանդաղ և հարկադրված» գործողություններ ձեռնարկելու համար և կասկած է հայտնել, որ այս շաբաթ կայանալիք գագաթաժողովի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել պարտքային ճգնաժամը: