ՄԱԿ-ի դիտորդներն աշխատում են Սիրիայում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ

Սիրիայում զինադադարի մոնիթորինգն իրականացնող դիտորդների խմբի խոսնակն ասել է, որ Դանասկոսի արվարձան Դումայում անհրաժեշտ է «նվազեցնել ստեղծված իրավիճակի լարվածությունը»:

Դիտորդների առաքելության խոսնակ Նիրաջ Սինգհը հինգշաբթի օրն ասել է, որ թիմն աշխատում է անհրաժեշտ կապեր ստեղծելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից անցյալ շաբաթ հավանության արժանացրած առաքելությունն ընդլայնելու ուղղությամբ:

«Այս գործընթացում մենք կատարում ենք իրավիճակի լարվածությունը նվազեցնողի դերը: Ինչպես երեկ մեր կողմից իրականացված գործողությունները Դումայում, այս դերը կատարվում է տեղում անմիջապես մեր ներկայության, մի քանի ժամ տարածքում պարեկային ծառայության իրականացման և կապեր ստեղծվելու միջոցով», - ասել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդների խոսնակը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիա 300 դիտորդ ուղարկելու առաքելությունը հաստատելուց հետո ՄԱԿ-ի խաղաղապահների հրամանատար Էրվե Լադսուսը երեքշաբթի օրն ասել է, որ մինչև այս շաբաթվա վերջ Սիրիա է ժամանելու ևս 30 դիտորդ, իսկ 100 դիտորդ կժամանի մեկ ամսվա ընթացքում:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն սակայն չորեքշաբթի օրը կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը Սիրիա տեղափոխել բոլոր դիտորդներին 15 օրվա ընթացքում՝ ասելով, թե «Սիրիայում զինադադարը լրջորեն վարկաբեկվել է»:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, Սիրիայում անցյալ տարվանից կառավարական ուժերի կողմից չդադարող բռնությունների զոհ է գնացել 9 հազար մարդ, սակայն ակտիվիստները պնդում են, որ զոհերի թիվն արդեն հասել է 11 հազարի: