Տիմոշենկոյի դուստրը Գերմանիայում կհանդիպի արդարադատության նախարարի հետ

Բանտարկության մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստր Եվգենիան ժամանել է Գերմանիա՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Ուկրաինայի կառավարության վրա, որպեսզի վերջինս թույլատրի իր մորը լքել Ուկրաինան՝ բուժումն այդ երկրում ստանալու համար:

Սպասվում է, որ Եվգենիա Տիմոշենկոն երկուշաբթի օրը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի արդարադատության նախարար Սաբինե Լոյտոիսեր-Շնարենբերգերի հետ:

Յուլիա Տիմոշենկոն արդեն մոտ երկու շաբաթ հացադուլ է անցկացնում, որը մեկնարկել է այն բանից հետո, երբ հայտնել է բանտի պահակների կողմից իրեն ծեծի ենթարկվելու մասին: Նրան անհրաժեշտ է բուժում մեջքի հիվանդությունը հաղթահարելու համար, որը, ըստ Գերմանիայի բժիշկների, չի կարող բուժվել Ուկրաինայում:

Ուկրաինայի իշխանությունները սակայն հրաժարվել են Տիմոշենկոյին տրամադրել Գերմանիա բուժման համար մեկնելու թույլտվություն՝ համաձայնվելով սակայն, որպեսզի այս շաբաթ գերմանացի բժիշկը բուժումն իրականացնի Ուկրաինայում:

Գերմանի իշխանությունները Տիմոշենկոյի գործով Ուկրաինայի հիմնական քննադատներից են: Երկրի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեն սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի և Եվրոպական Միության միջև քաղաքական և տնտեսական պայմանագրի գործողությունը, եթե բանտում գտնվող ընդդիմադիր Տիմոշենկոյին չտրամադրվի պատշաճ բուժօգնություն:

Ուկրաինային կարող է սպառնալ նաև այս երկրում և Լեհաստանում համատեղ անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի մրցաշարի բոյկոտը:

Բացի այդ, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը և Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն անցյալ շաբաթ հայտնել էին Յալտա քաղաքում մայիսի 11-ից 12-ն անցկացվելիք Կենտրոնական Եվրոպայի պետությունների ղեկավարների գագաթաժողովին իրենց մասնակցությունը կասեցնելու մասին:

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն բանտարկվել էր՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:

Տիմոշենկոն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները: