Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները դադարեցնում են Ուկրաինայում անցկացվող միջոցառումների այցելության իրենց ծրագրերը՝ բողոքելով երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բանտարկության և նրան ցուցաբերվող վերաբերմունքի դեմ:
Այսպես, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն երկուշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի նա հետևելու է Եվրահանձնաժողովի արդարադատության գծով հանձնակատար Վիվիան Ռեդինգի օրինակին, որը որոշում է ընդունել հունիս ամսին կայանալիք 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության մեկնարկի արարողությունը չայցելելու մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերեքլը նույնպես զգուշացրել է, որ կարող է բոյկոտել այս տարվա հունիսի 8-ից մինչև հուլիսի 1-ը Լեհաստանում և Ուկրաինայում անցկացվող 2012 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության Ուկրաինայում անցկացվելիք բոլոր խաղերը՝ նշելով, որ նույն քայլն ակնկալվում է իր կառավարության նախարարներից:
Բացի այդ, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը երկուշաբթի օրը հայտնել է Յալտա քաղաքում մայիսի 11-ից 12-ն անցկացվելիք Կենտրոնական Եվրոպայի պետությունների ղեկավարների գագաթաժողովին իր մասնակցությունը կասեցնելու մասին: Այս գագաթաժողովին մասնակցությունից արդեն իսկ հրաժարվել է Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը:
Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն անցյալ շաբաթվանից սկսել է հացադուլ՝ բողոքելով, որ բանտում ծառայողներն իրեն ենթարկում են ծեծի։ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրամայել է սկսել հետաքննություն՝ մեղադրանքներն ուսումնասիրելու նպատակով։
Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն բանտարկվել է՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:
Տիմոշենկոն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:
Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները: