Թուրքիայի վարչապետի գրասենյակը հրաժարվել է «Renault» ֆրանսիական ավտոմոբիլային ընկերության «Latitude» մակնիշի ավտոմեքենաներ քաղաքացիական ծառայողների համար օգտագործելուց՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունման պատճառով:
Այս երկրի քաղաքացիական ծառայողներին մեքենաներ տրամադրող «Աքմերքան» ընկերությունը, որը շահել է մեքենաներ տրամադրելու մրցույթը, նախատեսել էր գնել «Latitude» մակնիշի 130 ավտոմեքենա, սակայն հետագայում ընտրել է «Ford» ավտոարտադրողի «Mondeo» մակնիշի մեքենա, քանի որ վարչապետի գրասենյակը պահանջել է չգնել «Renault»-ի արտադրության մեքենաներ:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ավտոպարկի աստիճանական թարմացման առաջին փուլում գնվել է «Mondeo» մակնիշի 20 մեքենա:
Բացի դրանից, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը դեռևս հավանության չի արժանացրել «Renault» ավտոարտադրողի կողմից վարչապետին էլեկտրական «Fluence Z.E.» մեքենայի նվիրատվությունը:
Թուրքիայի գիտության, արտադրության և տեխնոլոգիայի նախարարությունը նույնպես կասեցրել է «Renault»-ի կողմից արտադրված էլեկտրական տասը մեքենայի պատվերը:
Այս բոլոր քայլերը, ըստ «Հուրիեթ»-ի, ձեռնարկվել են նախքան Ֆրանսիայի մի խումբ սենատորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը մերժելու պահանջով:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:
Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
Թուրքիայի իշխանությունները սպառնացել են մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում: