Հայոց ցեղասպանության փաստի հերքումը քրեականացնող օրինագծի շուրջ Ֆրանսիայում մայիսի 4-ին կայանալիք քվեարկության նախօրեին Թուրքիայի խորհրդարանն ու արտգործնախարարությունն այս երկիր են գործուղել նշված օրենքի ընդունման դեմ լոբբիինգ իրականացնելու նպատակով մի հանձնաժողով:
Ֆրանսիայի Սենատի սահմանադրական հանձնաժողովի կողմից վերջերս մերժված օրինագծով նախատեսվում է, որ Ֆրանսիայի տարածքում գտնվող անձինք, Հայոց ցեղասպանության փաստը հերքելու դեպքում կարող են պատժվել հինգ տարվա ազատազրկմամբ և տուգանվել մինչև 45 հազար եվրո:
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի կողմից Ֆրանսիա գործուղված հանձնաժողովի կազմում, որը գլխավորում է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դյուզջեի նահանգի կողմից ընտրված պատգամավոր Յաշար Յաքիշը, ընդգրկված են Խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների արտաքին քաղաքականության գծով մասնագիտացած ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև 2005-ից 2009 թվականներին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Օսման Քորոթուրքը, որի պաշտոնավարման ընթացքում էր այս օրենքի նախագիծը մտել օրակարգ: Նա հայտնել է «Հուրիեթ»-ին, որ հանձնաժողովը Ֆրանսիայում հանդիպումներ է անցկացնելու օրինագծի շուրջ` թուրք-ֆրանսիական հարաբերությունները պահպանելու նպատակով: