Տիմոշենկոյի ամուսինը դիմել է ապաստան տրամադրելու խնդրանքով

Տիմոշենկոյի ամուսինը դիմել է ապաստան տրամադրելու խնդրանքով

Ուկրաինայի ընդդիմության ազատազրկման մեջ գտնվող առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը դիմել է Չեխիայի իշխանություններին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով:

Չեխիայի պաշտոնատար անձինք ուրբաթ օրը հաստատել են Ուկրաինայի նախկին վարչապետի ամուսին Օլեքսանդր Տիմոշենկոյի կողմից անցյալ ամիս ապաստան տրամադրելու մասին դիմում լրացնելու հանգամանքը:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, Օլեքսանդր Տիմոշենկոն Չեխիայի Հանրապետությունում գործարար շահեր ունի:

Ուկրաինայի ընդդիմության ղեկավար Յուլիա Տիմոշենկոյի ամուսնու կողմից ներկայացված դիմումի ընթացքի մասին տեղեկությունները չեն հրապարակվել:

Չեխիայի Հանրապետությունը մի քանի ամիս առաջ քաղաքական ապաստան է տրամադրել Յուլիա Տիմոշենկոյի կառավարության տնտեսության նախկին նախարարին, ինչից հետո Ուկրաինայի իշխանություները, հավանաբար այս քայլին ի պատասխան, լրտեսական գործունեություն իրականացնելու կասկածների հիման վրա երկրից վտարել են Չեխիայի երկու դիվանագետի:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն բանտարկվել է՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս:

Ուկրաինայի նախկին վարչապետը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները: Նրա համաձայն, իր դեմ ներկայացված մեղադրանքները քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները: