Մատչելի հղումներ

Տիմոշենկոյի դուստրը պահանջում է հանդիպում Ուկրաինայի նախագահի հետ


Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը և ազատազրկված քաղաքական գործիչների տիկնայք պահանջում են հանդիպում անցկացնել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ՝ իրենց մերձավորների ճակատագիրը քննարկելու նպատակով:

«Պահանջում ենք, որպեսզի նախագահն ուսումնասիրի առկա տեղեկությունները և մեր մերձավորների նկատմամբ կայացված անարդար դատավճիռները», - ասել է Եվգենիա Տիմոշենկոն: - «Ցանկանում ենք, որ նախագահը փոխի իր դիրքորոշումը և դադարեցնի մեր երկրում իրականացվող քաղաքական ճնշամիջոցները»:

«Ուկրաինան դեռևս ունի գործուն ժողովրդավարություն կառուցելու հնարավորություն: Միջազգային հանրության կարծիքով, երկրում ստեղծել է անընդունելի իրավիճակ, որի արդյունքում Ուկրաինան կարող է հայտնվել մեկուսացման մեջ», - ասել է Յուլիա Տիմոշենկոյի դուստրը:

Եվգենիա Տիմոշենկոյի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Իվաշչենկոյի և ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի տիկնայք:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Լուցենկոն վերջերս դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ կաշառակերության մեղադրանքներով: Պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով դատապարտված է նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Վալերի Իվաշչենկոն:

Երեքն էլ պնդում են, որ իրենց ներկայացված մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

XS
SM
MD
LG