Թուրքիան զգուշացրել է Սիրիայում քաղաքական պատերազմի ծավալման մասին

Թուրքիան զգուշացրել է Սիրիայում քաղաքական պատերազմի ծավալման մասին

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, որ Սիրիայի կառավարական ուժերի և ընդդիմության կողմն անցած բանակայինների միջև տեղի ունեցող բախումները կարող են վերածվել քաղաքացիական պատերազմի:

Դավութողլուն ուրբաթ օրը Ֆրանսիայի լրատվական գործակալություններից մեկին հայտնել է նաև, որ այդ երկրում բռնությունների սաստկացման պատճառով, իր կարծիքով, ժամանակն է եկել «դադարեցնել սպանդը»:

Թուրքիայում այցով գտնվող Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Սիրիայի կառավարությունն այլև չի կարող պահպանել իր իշխանությունը: Ժյուպեն ասել է նաև, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության «ժամանակն անցել է» և պահանջել Դամասկոսի դեմ ուղղված ավելի խիստ պատժամիջոցներ ձեռնարկել:

Թուրքիայի արտգործնախարարի նախազգուշացումից մեկ օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է լրագրողներին այն մասին, որ «Ազատ Սիրիայի բանակի» կողմից երկրի բանակի ռազմակայաններից մեկի ուղղությամբ իրականացված հարձակումը «շատ է նման քաղաքացիական պատերազմի»:

Սիրայում ընդդիմության կողմ անցած զինծառայողները երեկ հարձակում են գործել երկրի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմակայաններից մեկի ուղղությամբ:

Դամասկոսի Հարասթա արվարձանում գտնվող ռազմաօդային հետախուզության շենքերի համալիրի ուղղությամբ չորեքշաբթի վաղ առավոտյան իրականացված հարձակման ընթացքում ապստամբների կողմն անցած զինծառայողներից կազմված «Ազատ Սիրիայի բանակը» հրթիռներ և գնդացիրներ է օգտագործել:

Գերմանիայից իր գործողությունն իրականացնող «Սիրիայի տեղական համակարգման հանձնաժողովի» խոսնակ Հոզան Իբրահիմը հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ին, որ «Ազատ Սիրիայի բանակը» հիմնադրել է ժամանակավոր ռազմական խորհուրդ, որի նպատակն է՝ նպաստել Սիրիայի անվտանգության ուժերի թուլացման: Իբրահիմի համաձայն, այս խորհրդի ստեղծման մասին հայտարարությամբ ապստամբները հանդես են եկել երեքշաբթի ուշ երեկոյան: