Միացյալ Նահանգները և Միավորված Ազգերի կազմակերպությունը դատապարտել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից Թուրքիայում գտնվող փախստականների ճամբարի ուղղությամբ իրականացված հարձակումը, որի արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն հինգ մարդ:
ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը դատապարտել են նաև Լիբանանում Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում այդ երկրի տարածքից արձակած կրակը, որի պատճառով զոհվել է մեկ հեռուստաօպերատոր:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը երկուշաբթի օրը նշել է, որ Վաշինգտոնը, հաշվի առնելով Սիրիայում շարունակվող բռնությունները, «հույս չունի, որ բռնությունները կդադարեն երեքշաբթի օրը»: Նուլանդը սակայն հույս է հայտնել, որ այս երկրում արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանի առաքելությունը հաջողությամբ կպսակվի:
ՄԱԿ-ն այս ընթացքում զգուշացրել է Սիրիայի կառավարությանը քաղաքացիական անձանց նկատմամբ ուղղված բռնությունները դադարեցնելու համար երեքշաբթի օրը սահմանված վերջնաժամկետի պահպանման անհրաժեշտության մասին:
Կազմակերպության խոսնակ Մարտին Նեսիրկին երկուշաբթի օրը նշել է, թե «վերջնաժամկետը չի փոփոխվել» և «Սիրիայի իշխանություններին անհրաժեշտ է ամբողջությամբ և առանց նախապայմանների կատարել իրենց կողմից ստանձնած պարտականությունները:
Սիրիայի պետական հեռուստատեսությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ երկրի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմն ուղևորվել է Մոսկվա՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով:
Սիրիայի կառավարական ուժերն այս ընթացքում երկրի բազմաթիվ մասերում շարունակել են հարձակումների իրականացումը՝ նվազեցնելով չդադարող հակամարտության դիվանագիտական եղանակով լուծման հնարավորությունը: