Սիրիայի իշխանությունները «դրական» են արձագանքել Արաբական պետությունների լիգայի այն պահանջին, որի համաձայն երկիր պետք է ուղարկվեն դիտորդներ, որոնք առաքելությունն է լինելու հաստատել նախագահ Բաշար ալ-Ասսադի կողմից ժողովրդավարական ընդդիմության նկատմամբ բռնությունների դադարեցման խոստումը:
Սիրիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ջիհադ Մաքդիսին երկուշաբթի օրը հայտնել է, որ կառավարությունը կիրակի ուշ երեկոյան պատասխան նամակ է հղել Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբիին:
Արաբական պետությունների լիգան պահանջել է, որ Սիրիայի իշխանությունները մինչև կիրակի օրը թույլատրեն Լիգայի դիտորդների մուտքը երկիր՝ հակառակ դեպքում սպառնալով նոր պատժամիջոցներ սահմանել այս երկրի նկատմամբ:
Սիրիայի իշխանությունների պատասխանի վերաբերյալ 22 անդամ պետություն ունեցող Արաբական պետություններ լիգան դեռևս որևէ արձագանք չի ներկայացրել:
«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է, որ երկուշաբթի օրը Սիրիայում անվտանգության ուժերի և ապստամբների գործողությունների զոհ է գնացել առնվազն 11 մարդ:
Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի համաձայն, յոթ քաղաքացիական անձ զոհվել է անվտանգության ուժերի կողմից Հոմս և Դերաա քաղաքներում և դրանց շրջակայքում իրականացված գործողությունների հետևանքով, իսկ Դերաա քաղաքի մոտակայքում գտնվող Դաել բնակավայրի շրջանում Սիրիայի բանակի դասալիքների կողմից ոչնչացվել է երկրի զինված ուժերի երեք և ոստիկանության՝ մեկ ծառայող:
Սիրիայի ակտիվիստների համաձայն, կիրակի օրը կառավարական ուժերի կողմից ընդդիմության ներկայացուցիչների և դասալիքների դեմ ուղղված հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 35 մարդ: Ակտիվիստների համաձայն, զոհերի հիմնական մասը տեղի է ունեցել երկրի կենտրոնական Հոմս նահանգում: