Սիրիայի իրավապաշտպանները հայտնել են երկրի կենտրոնական Հոմս քաղաքում կառավարական ուժերի կողմից շարունակվող գրոհի հետևանքով 50 զոհի մասին:
Մեծ Բրիտանիայից իրենց գործունեությունն իրականացնող ակտիվիստների համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ստորաբաժանումները չորեքշաբթի օրը հրազենային, հրթիռային և հրետանային կրակ են բացել Հոմսում՝ վնասվածքներ հասցնելով ապստամբների կողմից վերահսկվող շրջանների բազմաթիվ շինություններին:
Ակտիվիստների համաձայն, կառավարական ուժերի կողմից Հոմսի գրոհը շաբաթ օրը սկսելուց ի վեր այս քաղաքում զոհվել են հարյուրավոր մարդիկ, իսկ Սիրիայի այլ վայրերում իրականացված բռնությունների պատճառով զոհվել է ևս 13 մարդ:
Սիրիայի պետական լրատվամիջոցների համաձայն, Հոմս քաղաքում «զինված ահաբեկիչները» պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել՝ սպանելով քաղաքացիական բազմաթիվ անձանց և զինծառայողների: Պետական լրատվամիջոցներն ապստամբներին մեղադրել են նաև քաղաքի նավթամշակման գործարանի ուղղությամբ հարձակում իրականացնելու մեջ:
Սիրիայում զոհերի և տուժածների մասին լուրերը հնարավոր չէ հաստատել, քանի որ այս երկրի իշխանություններն արգելել են երկրում լրատվական անկախ մարմինների գործունեությունը:
Թուրքիայի իշխանություններն այս ընթացքում կոչ են արել միջազգային հանրությանը վերսկսել հարևան Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելուն ուղղված ջանքերը:
Այս երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն չորեքշաբթի օրը հորդորել է Սիրիայի հարցի շուրջ անհապաղ անցկացնել միջազգային և տարածաշրջանային պետությունների հանդիպում:
Դավութօղլուն հայտնել է նաև, թե իր երկիրը պատրաստ է հյուրընկալել նման հանդիպում, որը կարող է անցկացվել Ստամբուլում կամ տարածաշրջանային մեկ այլ կենտրոնում, և որ այն պետք է ընդգրկի հնարավորինս մեծ թվով մասնակիցների: