Աշխարհի վճարային խոշորագույն համակարգից հանվելու են Եվրոպական Միության կողմից «սև ցուցակում» ընդգրկված Իրանի բանկերը՝ քայլ, որի միջոցով Արևմուտքը ցանկանում է է՛լ ավելի թուլացնել միջուկային ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու Թեհրանի հնարավորությունը:
Բելգիայից իր գործունեությունն իրականացնող Միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցման միջազգային կազմակերպությունը («SWIFT») համաձայն, Եվրոպական Միության կողմից Իրանի ֆինանսական որոշ հաստատություններ հեռահաղորդակցման համակարգից հանելու մասին հրամանագրին համապատասխան, «SWIFT»-ից այս հաստատությունները կհանվեն շաբաթ օրը, Գրինվիչի ժամանակով ժամը 16:00-ին:
«SWIFT» համակարգը պաշտպանության բարձր մակարդակով ապահովված մասնավոր համակարգ է, որն օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր բանկերի կողմից՝ մեկ երկրից մյուսը գումարներ փոխանցելու նպատակով: Համակարգից իրանական բանկերը հանելու միջոցով խաթարվում է աշխարհի այլ պետությունների հետ գործարքներ իրականացնելու Թեհրանի հնարավորությունը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը ողջունել է Եվրամիության կողմից ձեռնարկված միջոցները և «SWIFT» համակարգի արագ արձագանքը՝ ասելով, որ այս քայլը «թույլ կտա խորացնել Իրանի ֆինանսական հաստատությունների մեկուսացումը միջազգային ֆինանսական հատվածից»:
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել պատժամիջոցների կիրառել Իրանի 23 բանկի նկատմամբ, որոնցից շատերը դարձել են նաև Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների թիրախը: Իրանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների կողմնակից ԱՄՆ-ի օրենսդիրները սակայն պահանջում են, որպեսզի «SWIFT» համակարգից հանվեն Իրանի ֆինանսական բոլոր, այլ ոչ միայն Արևմուտքի կողմից կազմված «սև ցուցակում» ներգրավված ֆինանսական հաստատությունները: