Մատչելի հղումներ

ԱՄՆ. «11 երկիր չի ենթարկվի պատժամիջոցների՝ Իրանից նավթ ներմուծելու համար»


Միացյալ Նահանգների իշխանությունները հայտնել են Իրանից նավթ ներմուծելու համար 11 երկրի դեմ պատժամիջոցներ չկիրառելու մասին՝ «վերջիններիս կողմից Իրանից նավթի գնումները զգալիորեն կրճատելու պատճառով»:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը երեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում գովասանքի խոսքեր է հղել այդ երկրներին, որոնց հիմնական մասը կազմում են Եվրոպայի պետությունները՝ հորդորելով Իրանից նավթ ներմուծող այլ պետություններին հետևել նրանց օրինակին:

Արտգործնախարարը հատուկ առանձնացրել է Ճապոնիայի օրինակը՝ նշելով, որ Իրանից նավթի ներմուծման կրճատումն այս երկիրն իրականացրել է էներգետիկական «արտակարգ» դժվարություններ ապրելու պայմաններում:

Ճապոնիայի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Օսամու Ֆուխիմուրան չորեքշաբթի օրը նշել է, որ իր երկիրը պատրաստ է դիմել է՛լ ավելի վճռական քայլերի՝ Իրանից ներմուծվող նավթի ծավալները զգալիորեն նվազեցնելու նպատակով:

Բացի Ճապոնիայից, ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները չեն տարածվի Բելգիայի, Չեխիայի Հանրապետության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի, Նիդերլանդների, Հունաստանի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի բանկերի վրա: Այս բացառության գործողության ժամկետը կազմում է 180 օր, որից հետո այն ենթակա է վերանայման:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովին, որ Իրանից նավթի ներմուծման ծավալների կրճատման հարցում Եվրոպական պետությունների աջակցությունը «վճռորոշ» է եղել:

XS
SM
MD
LG