«Իրանի միջուկային հավակնությունները զսպելու համար սահմանված պատժամիջոցների արդյունքներին հասնելու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ»:
Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել ԱՄՆ-ի Սպիտակ տանը երկուշաբթի օրն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ: Նախագահ Օբաման «անկոտրում» է անվանել Միացյալ Նահանգների նվիրվածությունն Իսրայելի անվտանգության ապահովման գործին՝ նշելով, որ այս տարի սպասվում է «դժվարին ամիսներ», որոնց ընթացքում Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կհամակարգեն իրենց արձագանքը Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրին:
Նախագահ Օբաման սակայն ասել է, որ դեռևս առկա է Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող վեճը «դիվանագիտական միջոցներով լուծելու պատուհանը»:
Ըստ ԱՄՆ-ի նախագահի, խնդրի դիվանագիտական լուծումը գերադասելի է և՛ իր, և՛ Իսրայելի վարչապետի համար: Նախագահ Օբաման այնուամենայնիվ վերահաստատել է, որ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը դադարեցնելու նպատակով ուժի կիրառման տարբերակը քննարկումից դեռևս չի հանվել:
Իսրայելի վարչապետի համաձայն, իր երկիրը պետք է «ունենա իր ուժերով ցանկացած վտանգից պաշտպանվելու հնարավորություն»:
«Երբ խոսքը հասնում է Իսրայելի անվտանգությանը, Իսրայելն ունի սեփական որոշումներ ընդունելու ինքնավար իրավունք», - ասել է Նեթանյահուն՝ հավելելով. «Իմ գերագույն պատասխանատվությունն է՝ ապահովել, որ Իսրայելը լինի իր ճակատագրի տերը»: