ԱՄՆ-ը ճանաչելու է Հարավային Սուդանի անկախությունը

Միացյալ Նահանգները հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Հարավային Սուդանն իր կողմից ճանաչվելու է որպես նորաստեղծ պետություն:

Այս հայտարարությամբ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հանդես են եկել Սուդանի մայրաքաղաք Խարթումում Հարավային Սուդանի անկախության վերաբերյալ անցյալ ամիս անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից մի քանի ժամ անց:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Հարավային Սուդանի ժողովրդին «դրական արդյունքների բերած հանրաքվե անցկացնելու կապակցությամբ», որը նա որակել է որպես Աֆրիկայում արդարության և ժողովրդավարության ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը երկուշաբթի օրը հայտնել է, որ մեկնարկել է Սուդանը ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից հանելու գործընթաց: Արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, դա տեղի կունենա այն դեպքում, եթե Սուդանը համապատասխանի ԱՄՆ-ի օրենսդրությամբ դրա համար անհրաժեշտ բոլոր պահանջներին: