Ստրասբուրգում կայանալու է Գերմանիայի, ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպումը

Ստրասբուրգում կայանալու է Գերմանիայի, ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպումը

Ստրասբուրգում հինգշաբթի օրը կայանալու է Գերմանիայի, ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի Եվրոպական կենտրոնական բանկի դերը եվրոյի գոտում պարտքային շարունակվող ճգնաժամի կարգավորման մեջ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի համոզել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելին մեղմացնել իր դիրքորոշումը և թույլ տալ Եվրոպական կենտրոնական բանկին հանդես գալ որպես եվրոյի գոտու դժվարություններ ապրող տնտեսությունների վերջին ատյանի վարկատու:

Բացի այս խնդրից, Գերմանիայի կանցլերը դեմ է հանդես գալիս նաև եվրոյի գոտու համար ընդհանուր պարտատոմսերի, այլ ոչ թե յուրաքանչյուր պետության կառավարության կողմից առանձին թողարկված պարտատոմսերի վաճառքի միջոցով փոխառություններ կատարելու գաղափարի դեմ:

Ստրասբուրգում կայանալիք ֆինանսական գագաթաժողովի ընթացքում կանցկացվի Իտալիայի նորանշանակ վարչապետ Մարիո Մոնտիի կողմից իր պաշտոնն անցյալ շաբաթ ստանձնելու ժամանակից առաջին հանդիպումը Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ:

Մարո Մոնտին նախկինում խոստացել է ի կատար ածել Իտալիայի տնտեսությունն ամրապնդելու նպատակ հետապնդող բարեփոխումները:

Գագաթաժողովի անցկացումից մեկ օր առաջ ներդրողները մտահոգություն են արտահայտել Եվրոպայի նույնիսկ ամենակայուն տնտեսությունում տիրող իրավիճակով: Գերմանիայի կողմից 6 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով թողարկված տասը տարվա մարման ժամկետ ունեցող՝ տարեկան 2 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի վաճառքի արդյունքում չվաճառված է մնացել ավելի քան 2 միլիարդ դոլարի պարտատոմս: