Իտալիայում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել` ուղղված երկրի նոր վարչապետ Մարիո Մոնտիի գլխավորած նոր կառավարության դեմ:
Միլանում, Հռոմում և երկրի այլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ծառայողների և բյուջեի կրճատումների և աշխատատեղերի սակավաթվության դեմ իրենց բողոքն արտահայտող ուսանողների միջև:
Հռոմում անցկացվում է նաև տրանսպորտի ոլորտի աշխատողների գործադուլ, որի պատճառով քաղաքում այսօր չեն գործում գնացքներն ու ավտոբուսները:
Իտալիայի նոր վարչապետ Մարո Մոնտին այսօր երկրի խորհրդարանի վերին պալատին է ներկայացրել ֆինանսական խիստ խնայողության հիմնական միջոցների փաթեթը, որը միտված է Իտալիան պարտքային ճգնաժամից դուրս բերելուն:
Ֆինանսական խիստ խնայողության միջոցներ ծրագիրը ներկայացնելուց հետո սպասվում է, որ խորհրդարանի երկու պալատները պետք է կառավարությանը վստահության շուրջ քվեարկություն անցկացնեն:
Եվրոպական Միության հանձնակատարի պաշտոնը նախկինում զբաղեցրած տնտեսագիտության պրոֆեսոր Մարիո Մոնտիի և իր կողմից ձևավորված կառավարության երդման արարողությունն անցկացվել է չորեքշաբթի օրը:
Վարչապետ Մոնտիի համաձայն, երկրի տնտեսական խնդիրները լուծելու և զարգացումն առաջ մղելու համար Իտալիայի բնակչությանն անհրաժեշտ կլինի որոշ զոհաբերություններ անել:
Եվրոպական Միության առաջնորդները ողջունել են Մոնտին Իրտալիայի վարչապետի պաշտոնում նշանակումը ՝ ասելով, որ դա «քաջալերող նշան է», սակայն խոստացել են շարունակել հետևել այս երկրում իրավիճակի զարգացմանը: