Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, որ Ֆրանսիան և Գերմանիան հաջորդ շաբաթ կներկայացնեն Եվրոպան պարտքային ճգնաժամից դուրս բերելուն ուղղված ծրագիր, որի նպատակն է՝ փրկել ընդհանուր արժույթը:
Նախագահ Սարկոզին հինգշաբթի երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի ինքն ու Գերմանիայի կանցլեր Անելա Մերքելը գալիք երկուշաբթի օրը կներկայացնեն «Եվրոպայի ապագայի երաշխիքները»:
Իր ելույթի ընթացքում Սարկոզին ասել է, որ «Եվրոպան անհրաժեշտ է վերահիմնադրել»:
Գերմանիայի կանցլեր Մերքելը Եվրոպայի արդեն երկու տարի շարունակվող պարտքային ճգնաժամը հաղթահարելու իր տեսլականը կներկայացնի ուրբաթ օրը երկրի խորհրդարանում կայանալիք իր ելույթի ընթացքում:
Ֆրանսիայի Տուլոն նավահանգստային քաղաքում հանդես եկող Սարկոզին ասել է, թե «Ֆրանսիան ու Գերմանիան, բազմաթիվ ողբերգություններ ապրելուց հետո, որոշել են միավորել ճակատագրերը՝ դեպի ապագա միասին քայլելու նպատակով»: Սարկոզիի համաձայն, «այլ տարբերակներ պարզապես անընդունելի են»:
Ֆրանսիայի նախագահը չի ներկայացրել նոր Եվրոպայի ձևավորման վերաբերյալ մանրամասներ, սակայն նշել է, թե երկու պետությունները պնդելու են, որ Եվրոպական Միությունը ստեղծած՝ 1992 թվականին կնքված Մաաստրիխտի պայմանագիրը պետք է փոխարինվի նոր պայմանագրով, և որ «միասնական արժույթ չի կարող գոյություն ունենալ առանց տնտեսական միասնականության»՝ այսպիսով նշում կատարելով եվրոյի գոտու առանձին պետությունների բյուջեների նկատմամբ կենտրոնական վերահսկողության անհրաժեշտության մասին:
Եվրամիության հիմնադիր պայմանագրերում ցանկացած փոփոխություն պետք է հավանության արժանանա ԵՄ-ի անդամ 27 պետությունների կողմից, որոնցից տասն սեփական արժույթ են օգտագործում: