Դմիտրի Մեդվեդևը հաստատվել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում

Ռուսաստանի Պետդուման արտահերթ նիստի ժամանակ հաստատել է երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին վարչապետի պաշտոնում, որի թեկնածությունը ներկայացվել է նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

Մեդվեդևի թեկնածությունը հաստատվել է՝ Պետդումայի պատգամավորների 299՝ կողմ, 144-ը` դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկության ընթացքում ձեռնպահ քվեարկած պատգամավոր չի եղել:

Պուտինի և Մեդվեդևի միջև պաշտոնների փոխանակումը զայրացրել է Ռուսաստանի բազմաթիվ բնակիչների: Պետդումայում անցկացված նիստից առաջ ոստիկանության ուժերը ցրել են Կրեմլի մոտակայքում ամբողջ գիշերվա ընթացքում անցկացվող նստացույցը՝ ձերբակալելով մի քանի ցուցարարի, ներառյալ ընդդիմության հայտի գործիչ Ալեքսանդ Նավալնիին և Ռուսաստանի ընդդիմության «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովին, որոնց մեղադրել են հանրահավաքների, ցույցերի և երթերի անցկացման կանոնների խախտման մեջ և կարգադրել դատարան ներկայանալ մայիսի 11-ին:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը 2008 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնն ազատելուց հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Այս տարվա մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում նա զգալի առավելությամբ առաջ էր անցել այլ թեկնածուներից՝ հավաքելով ձայների մեծամասնությունը:

Ռուսաստանի ընդդիմությունը սակայն վիճարկել է ընտրություններում Պուտինի տարած հաղթանակը՝ «գողացած ընտրություններ» անվանելով դրանք:

Աշխարհի պետությունների առաջնորդները որոշ վերապահումներով են ընդունել Պուտինի հաղթանակը, իսկ միջազգային դիտորդները նշել էին, որ նախընտրական պայքարն անցկացվել էր Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը:

ԵԱՀԿ-ի համաձայն, լրատվամիջոցներում Պուտինն ուներ հստակ առավելություն, իսկ ընտրություններին մասնակցել են սահմանափակ թվով թեկնածուներ, քանի որ գրանցման պահանջները խոչընդոտել են այլ թեկնածուների մասնակցությունը:

Պուտինի ընդդիմախոսների համաձայն, իր վերադարձը նախագահի պաշտոնին միշտ է նախատեսվել, և իրականում Պուտինը երբեք չի հրաժարվել իշխանությունից: