Իր պաշտոնն այս շաբաթվա սկզբին ստանձնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի այցելելու Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնից դեպի հյուսիս գտնվող նախագահական հանգստավայր Քեմփ Դևիդում անցկացվող «Մեծ ութնյակի» գագաթաժողով:
ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Պուտինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ չորեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, թե Ռուսաստանի նախարարների խորհուրդը կազմելու իր պարտականությունների պատճառով ինքը պետք է մնա Մոսկվայում:
Նախագահ Պուտինն ասել է, թե իր փոխարեն գագաթաժողովը կայցելի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, նախագահներ Պուտինն ու Օբաման համաձայնության են եկել հաջորդ ամիս Մեքսիկայում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում:
Երկու պետությունների նախագահները քննարկել են նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գործընկերության ամրապնդման երկուստեք հանձնառությունը, ինչպես նաև վերջին երեք տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումները, ներառյալ երկու պետությունների միջև կնքված ռազմավարական սպառազինությունների կրճատման (START) պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում երկուշաբթի օրը՝ մայիսի 7-ին անցկացվել է երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը:
Վլադիմիր Պուտինը երկրի նախագահի պաշտոնն է զբաղեցնելու արդեն երրորդ անգամ:
Կրեմլում անցկացված երդմնակալության արարողության ընթացքում, որին մասնակցել է բարձր պաշտոններ զբաղեցնող մոտ երկու հազար հյուր, Պուտինը, ձեռքը դնելով երկրի Սահմանադրության վրա, երդվել է «հարգել և պաշտպանել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները»:
Երդմնակալության արարողությունից առաջ Մոսկվայում ընդունվել են անվտանգության խիստ միջոցներ:
Վլադիմիր Պուտինը 2008 թվականին Ռուսաստանի նախագահի պաշտոնն ազատելուց հետո զբաղեցրել է վարչապետի պաշտոնը: Այս տարվա մարտի 4-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում նա զգայի առավելությամբ առաջ էր անցել այլ թեկնածուներից՝ հավաքելով ձայների մեծամասնությունը:
Ռուսաստանի ընդդիմությունը սակայն վիճարկել է ընտրություններում Պուտինի տարած հաղթանակը՝ «գողացած ընտրություններ» անվանելով դրանք:
Աշխարհի պետությունների առաջնորդները որոշ վերապահումներով են ընդունել Պուտինի հաղթանակը, իսկ միջազգային դիտորդները նշել էին, որ նախընտրական պայքարն անցկացվել էր Պուտինի օգտին հստակ «թեքումով»՝ ապահովելով նրան ձայների գերակշռող մեծամասնությունը: