Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, օգոստոսի 21-ին Իրանի միջուկային առաջին էլեկտրակայանի ռեակտորը բեռնվելու է վառելիքով:
Ուրբաթ օրը Ռուսաստանի միջուկային գործակալության խոսնակը հայտնել է, որ ռեակտորը վառելիքով բեռնելը կարևոր քայլ է Բուշերում գտնվող միջուկային էլեկտրակայանը մեկնարկելու ուղղությամբ: Սակայն նա ասել է նաև, որ այդ ամսաթիվը չի համարվի ռեակտորի գործարկման ամսաթիվ:
Ռուսաստանը օգնություն է ցուցաբերում Իրանին միջուկային էլեկտրակայան կառուցելու գործում, սակայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Մոսկվան ավելի կոշտ դիրք է ընդունել Իրանում միջուկային ոլորտում իրականացվող այլ աշխատանքների նկատմամբ: Արևմուտքը մեղադրում է Իրանին միջուկային զենք մշակելու նախագծեր ունենալու մեջ, որոնք քողարկվում են քաղաքացիական միջուկային ծրագրերի իրականացման ներքո: Իրանի իշխանությունները միշտ ժխտում են այդ մեղադրանքները:
Չորեքշաբթի օրը նախագահ Մեդվեդևն ասել է, որ չնայած երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են առևտրի ոլորտում, Ռուսաստանը անտարբեր չէ Իրանի միջուկային ծրագրում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: