Ռուսաստանի ընդդիմության առաջնորդները երկուշաբթի օրը նախատեսում են բողոքի ցույց անցկացնել Կրեմլի մոտակայքում՝ բողոքելով երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնին վերադարձի դեմ:
Երկրում ավարտի է մոտենում ձայների հաշվարկումը, և պաշտոնական տվյալների համաձայն, կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով Պուտինը հաղթանակ է տարել ընտրություններում՝ հավաքելով ձայների 64 տոկոսը:
Պուտինի ամենամոտ մրցակից՝ Կոմունիստական կուսակցության նախագահ Գենադի Զյուգանովը հավաքել է ձայների 17 տոկոսը, իսկ մնացած երեք թեկնածուները ստացել են ընտրողների ձայներից տասը տոկոսից պակաս:
Ռուսաստանի ընդդիմությունը «ընտրակեղծիքներով հագեցած ձևականություն» են անվանել ընտրությունները: «Գոլոս» իրավապաշտպան անկախ կազմակերպության համաձայն, ընտրությունների ընթացքում գրանցվել է ավելի քան 3 հազար խախտում, ներառյալ «կարուսելային քվեարկություն», որի ընթացքում քվեարկողները ավտոբուսներով տեղափոխվում են մեկ ընտրատարածքից մյուսը՝ կրկին քվեարկելու համար:
«Գոլոս»-ի խոսնակ Գրիգորի Մելքոնյանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ եթե ընտրությունները լինեին արդար, ապա անհրաժեշտ կլիներ անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը որպես «անօրինական, անարդար և ոչ թափանցիկ» է նկարագրել կիրակի օրն անցկացված ընտրությունները: Այլ թեկնածուներ բողոքել են կեղծված ընտրացուցակներ կազմելու դեմ՝ ասելով, որ Կրեմլի կողմնակից գործարարներին պատկանող գործարաններում գտնվող ընտրատեղամասերում անցկացված քվեարկության ընթացքում աշխատողների վրա ճնշում է գործադրվել և նրանց ստիպել են քվեարկել Պուտինի օգտին: