Ինքնասպան երկու ահաբեկիչ չորեքշաբթի օրը հարձակում են իրականացրել Պակիստանի հարավ-արևմտյան Քեթա քաղաքում՝ ուղղված երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան սպաներից մեկի դեմ:
Հարձակման պատճառով զոհվել է առնվազն 22 մարդ:
Պակիստանի ոստիկանության համաձայն, առաջին ահաբեկիչը գործարկել է իր մեքենայում տեղադրված պայթուցիկը երկրի ռազմականացված «Սահմանապահ կորպուս»-ի Բալուջիստան նահանգի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի տան մոտակայքում: Այս պայթյունից հետո մեկ այլ ահաբեկիչ մուտք է գործել սպայի տուն, որտեղ և իրականացրել է պայթյունը:
Չնայած հարձակման համար որևէ կազմակերպություն դեռևս պատասխանատվություն չի ստանձնել, հայտնի է, որ Բալուջիստանում գործում են թալիբները, ինչպես նաև ազգայնական անջատողական մի շարք կազմակերպություններ:
Պակիստանի ռազմականացված ուժերը ակտիվ պայքար են մղում երկրի հյուսիս-արևմուտքում, ներառյալ Աֆղանստանի հետ սահմանամերձ գոտում ցեղախմբերի կողմից կառավարվող տարածքներում գործող թալիբների դեմ:
Երկրի ռազմականացված ուժերը, Միացյալ Նահանգների և Պակիստանի լրտեսական գործակալությունների հետ համագործակցությամբ, այս շաբաթվա սկզբին մասնակցել են «ալ-Քայիդա»-ի բարձրաստիճան գործիչներից մեկի ձերբակալության գործողության: