Պակիստանում պարգևատրություն են խոստանում քրիստոնյա կնոջը սպանելու համար

Պակիստանում պարգևատրություն են խոստանում քրիստոնյա կնոջը սպանելու համար

Պակիստանի հոգևորականներից մեկն ասում է, որ եթե կառավարությունը կախաղան չհանի անցյալ ամիս մահմեդականության դեմ վիրավորական արտահայտություններ անելու համար դատապարտված, հինգ երեխա ունեցող քրիստոնյա կնոջը, ապա իր մզկիթն առաջարկելու է 6 հազար դոլարի պարգևատրում՝ նրան սպանելու համար։

Պակիստանի փոքրամասնությունների հարցերով նախարար Շաբազ Բհաթին առաջարկել է ներել կամ բանտից ազատել Էյշա Բիբիին այն դեպքում, եթե արագ ընթացք չտրվի դատարանին ներկայացված նրա բողոքին։

Բիբին հերքել է տեղացի կանանց կողմից ներկայացված մեղադրանքներն այն մասին, որ ինքը Մուհամմեդ մարգարեի հասցեին վիրավորական արտահայտություններ է թույլ տվել։

Պակիստանում վիրավորական արտահայտությունների համար պատիժ նախատեսվող օրենքով Բիբին մահվան դատապարտված առաջին կինն է։ Այս օրենքով մարդիկ շատ հաճախ են դատապարտվում այստեղ, սակայն դեռևս որևէ մահապատիժ չի իրականացվել։

Դատավարության ընթացքում Բիբին հայտնել է, որ մահմեդական գյուղացիներն իր դեմ ճնշում են գործադրել` ստիպելով մահմեդականություն ընդունել, և որ հետապնդվել է կրոնական հողի վրա։

Բիբիի ամուսինն ասել է, որ Լահորի մոտակայքում բնակվող իր ընտանիքը ստիպված է եղել լքել տունը՝ կնոջը բանտից ազատվելու դեպքում նրան ուղղված մահվան սպառնալիքների պատճառով։

Պակիստանի քրիստոնյաները, ովքեր կազմում են երկրի 175 միլիոնանոց բնակչության մոտ հինգ տոկոսը, արդեն երկար ժամանակ են բողոքում իրենց դեմ ուղղված խտրականության համար։