Պակիստանում չորեքշաբթի օրը հրազենային կրակից սպանվել է փոքրամասնությունների հարցերով քրիստոնյա նախարար Շահբազ Բհաթին:
Այս տարվա ընթացքում սա վիրավորական արտահայտությունների համար պատիժ նախատեսող օրենքի դեմ հանդես եկող քաղաքական գործիչների վրա կատարված արդեն երկրորդ հարձակումն է:
Ոստիկանության համաձայն, Բհաթին սպանվել է Իսլամաբադի փողոցներից մեկով իր մեքենայով անցնելու ընթացքում, իսկ հարձակման ժամանակ նրա կողքին չի եղել իր անվտանգությունը պաշտպանելու համար նշանակված թիկնապահը:
Սպանության վայրում հայտնաբերվել են թալիբների թռուցիկներ, որոնք նախազգուշացրել են վիրավորական արտահայտությունների համար պատիժ նախատեսող օրենքում փոփոխություններ կատարելուց զերծ մնալու մասին:
Շահբազ Բհաթին «Բի-Բի-Սի» հեռուստաընկերությանն ավելի վաղ տեսանյութ է ուղարկել, որում կանխատեսել է իր մահը` ասելով, որ թալիբներն ու «ալ-Քաիդան» սպառնացել են իրեն: Նա սակայն հաղորդել է, որ, չնայած իր կյանքին սպառնացող վտանգին, շարունակելու է քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու աշխատանքը:
Պակիստանի կառավարությունը չորեքշաբթի օրը դատապարտել է Բհաթիի սպանությունը` ասելով, որ կրոնական ծայրահեղության դեմ պայքարը շարունակվելու է:
Վատիկանի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս հարձակումը «բռնության սոսկալի օրինակ» է, որը կրկին ապացուցում է տարածաշրջանում քրիստոնյաներին սպառնացող վտանգի մասին Հռոմի պապի նախազգուշացումների հիմնավորված լինելու հանգամանքը: