Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ընտրությունների դիտորդական առաքելությունը մեկնարկել է իր աշխատանքը՝ Ռուսաստանում մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ:
Առաքելության նախագահ Հայդի Թալյավինին հինգշաբթի օրը խոստացել է օբյեկտիվորեն գնահատել ընտրությունների գործընթացը:
«Հավատացնում եմ ձեզ, որ մենք ազնիվ և բաց մտքով ենք կատարելու մեջ աշխատանքը: Մենք գրանցելու ենք գործընթացի դրական կողմերը, սակայն չենք խուսափելու նաև հայտնաբերված թերություններն ու խախտումները մատնանշելուց: Սա այն է, ինչի շուրջ համաձայնության են եկել և ինչ մեզ խնդրել են Ռուսաստանն ու ԵԱՀԿ-ի այլ անդամները», - ասել է Թալյավինին:
ԵԱՀԿ-ը դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո հայտնել էր բազմաթիվ խախտումների մասին, որոնք, ըստ երկրի ընդդիմության, եղել են ընտրակեղծիքներ՝ դառնալով բողոքի զանգվածային ցույցերի պատճառը:
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթող է ճանաչվել վարչապետ Պուտինի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը:
Վլադիմիր Պուտինն իր թեկնածությունն է դրել գալիք նախագահական ընտրություններում: 59-ամյա Պուտինն առաջին անգամ նախագահ էր ընտրվել 2000 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2008 թվականը՝ պաշտոնավարման սահմանափակումների պատճառով, ապա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:
Երկրի նախագահ վերընտրվելու դեպքում նա կարող է պաշտոնավարել ևս երկու վեցամյա ժամկետի ընթացքում՝ իշխանության գլուխ մնալով մինչև 2024 թվականը: