ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կատարած այցի ավարտին Բաքվում հինգշաբթի օրը հայտարարություն են տարածել:
Ապրիլի 11-ից 14-ը Երևան, Լեռնային Ղարաբաղ և Բաքու կատարած այցերը ամփոփելով` համանախագահները նշել են, որ «առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելուն ուղղված հաջորդ քայլերը»։
Հայտարարությունում համանախագահները նշել են, թե իրենք համոզված են, որ «եկել է Հիմնարար սկզբունքները վերջնականացնելու ու հաստատելու միջոցով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու ժամանակը»:
«Հիմնվելով մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների արած համատեղ հայտարարության վրա` համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ ճակատային գծի երկայնքով տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման նախագիծը»:
«Համանախագահները կողմերի հետ շարունակելու են աշխատել հնարավորինս կարճ ժամկետում հետաքննության գործընթացի թափանցիկ ու օբյեկտիվ մեխանիզմի նախագիծ ստեղծելու ուղղությամբ` վստահությունը ամրապնդելու, սխալվելու ռիսկերը նվազեցնելու և մարդկային կյանքեր փրկելու նպատակով», - ասված է հայտարարությունում:
«Համանախագահների մտահոգությունն է առաջացնում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի նախատեսված բացումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրման։ Նրանք նախազգուշացրել են, որ դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը կատարվող և այնտեղից մեկնող թռիչքները չեն կարող օգտագործվել միջազգային օրենքներով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխմանը նպաստելու նպատակով»։
Համանախագահները ողջունել են քաղաքացիական օդանավերի վրա հարձակումներ կամ նման հարձակումների սպառնալիքներ բացառելու, հարցը դիվանագիտական դաշտ տեղափոխելու և այն քաղաքականացնելուց զերծ մնալու վերաբերյալ հավաստիացումները:
Հայտարարությունում նշվել է նաև, որ ապրիլի վերջին համանախագահները այցելելու են Վաշինգտոն` Միացյալ Նահանգների կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու և խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացը քննարկելու նպատակով: