Մատչելի հղումներ

Ադրբեջանը 2011 թվականին կմեծացնի ճնշումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա


Ադրբեջանը 2011 թվականին կմեծացնի ճնշումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա
Ադրբեջանը 2011 թվականին կմեծացնի ճնշումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա

Ադրբեջանը 2011 թվականին ծրագրում է ավելի մեծ ճնշում գործադրել արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների վրա:

«News.az» կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական քաղաքականության հարցերով վարչության պետ Ալի Հասանովը:

Խոսելով ՄԱԿ-ի կողմից հակամարտության լուծման վերաբերյալ ընդունված չորս որոշումների մասին՝ Հասանովն ասել է, որ եթե այս կազմակերպությունը երաշխավորում է պետությունների տարածքային ամբողջականությունը, ապա այն պետք է համապատասխան ճնշում գործադրի Հայաստանի վրա:

«Միջազգային կազմակերպությունները հավատարիմ են մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշմանը, որը, սակայն, չի նպաստում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - շեշտել է Հասանովը:

Նա ասել է նաև, որ 2011 թվականին Ադրբեջանը նախատեսում է ավելի մեծ ճնշում գործադրել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ պետությունների վրա: «Նրանք այս հարցը կարգավորելու են` ճնշում գործադրելով միջազգային նորմերը խախտող կողմի վրա, հակառակ դեպքում Ադրբեջանը միջազգային իրավունքի համաձայն օգտագործելու է առկա իր բոլոր միջոցները` տարածքներն ազատագրելու համար» - ասել է Հասանովը:

XS
SM
MD
LG