Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքում տեղադրվել է 1988 թվականի սումգայիթյան իրադարձություններին նվիրված մի էջ:
Ադրբեջանական «APA» գործակալության հաղորդմամբ, «Այս էջը նպատակ ունի համաշխարհային հանրությանը հաղորդել սումգայիթյան իրադարձությունների վերաբերյալ ճշմարիտ տեղեկություններ»:
«Էջում նկարագրվում է հայերի և հայամետ ուժերի կողմից Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը կատարված հանցագործությունների իրական բնույթը, քանի որ այս իրադարձությունները բացասական կարծիք են ձևավորում ադրբեջանցիների մասին համաշխարհային հանրության աչքերում», - գրում է ադրբեջանական «APA» գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, «էջում հրապարակվելու են ԽՍՀՄ-ի դատախազության կողմից սումգայիթյան իրադարձությունների հետաքննության մանրամասները, այդ իրադարձությունների հիմնական կազմակերպիչներից մեկի` Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ անցկացված հետաքննության արդյունքները, Հայաստանից 1988-1989 թվականին վտարված և Սումգայիթում բնակություն հաստատած ադրբեջանցիների, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողների վկայությունները»: