Փխենյանում Հյուսիսային Կորեայի վախճանված ղեկավար Կիմ Ջոնգ Իլի հիշատակի արարողության ընթացքում իր որդի Կիմ Ջոնգ Ունն անվանվել է երկրում իշխող կուսակցության գերագույն ղեկավար:
Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությամբ հինգշաբթի օրը ցուցադրվել է Կիմ Իլ Սունգի հրապարակում երկրի ղեկավարի հիշատակի արարողությանը մասնակցող բազմությունը:
Երկրի պաշտոնական ղեկավար Կիմ Յոնգ Նամը հավաքվածներին հայտնել է, որ Կիմ Ջոնգ Ունը ժառանգել է իր հոր «գաղափարախոսությունը, բնավորությունն ու հեղափոխական սկզբունքները»:
«Մեծ ընկեր Կիմ Ջոնգ Իլը կատարելապես է լուծել առաջնորդության փոխանցման խնդիրը, ինչը դարձել է մեր երկրի ճակատագրի և ապագա սերունդների համար ամենամեծ ձեռքբերումը», - ասել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավար Կիմ Յոնգ Նամը:
Կիմ Ջոնգ Իլի հիշատակի արարողության ընթացքում ամբողջ երկրում հայտարարվել է լռության րոպե:
Օտարերկրյա կառավարություններն ուշադիր հետևում են Փխենյանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ելնելով միջուկային ծրագիր, մեծ բանակ և հարևանների նկատմամբ թշնամանքի պատմություն ունեցող երկրում Կիմ Ջոնգ Ունի իշխանության գալու հանգամանքից:
ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոները չորեքշաբթի օրն անցկացված ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հյուսիսային Կորեայի ապագա առաջնորդներին, ասել է, թե «Փխենյանը որոշ հայտարարություններ է արել՝ երկրի ղեկավարների խնդիրը պարզաբանելու համար», սակայն հավելել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ իրադարձություններ կկատարվեն այս երկրում գալիք մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում: