Մատչելի հղումներ

Փխենյանում սկսվել է Կիմ Ջոնգ Իլի հուղարկավորության արարողությունը


Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանի փողոցներում հավաքված տասնյակ հազարավոր բնակիչներ չորեքշաբթի օրը վերջին հրաժեշտն են տվել երկրի ղեկավար Կիմ Ջոնգ Իլին, որի դիակառքն անցել է քաղաքի փողոցներով:

Փխենյանի ձյունապատ փողոցներով չորեքշաբթի օրը սկսվել է շարժվել երկրի հանգուցյալ առաջնորդի հսկա դիմանկարով սև մի լիմուզին, որի հետևից շարժվել է սպիտակ ծաղիկներից հենարանի վրա տեղադրված՝ երկրի դրոշով պատած դագաղը:

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերը պատկերել են նախկին առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի որդի և ժառանգորդ Կիմ Ջոնգ Ունին՝ ձեռքը պատվի առած դիրքում իր հոր դիակառքի կողքին քայլելիս:

Կիմ Ջոնգ Ունի հետևում քայլում էին իր ազդեցիկ բարեկամ Ջանգ Սոնգ Թայեքը, կուսակցության և զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարներ ու սպաներ:

Վերլուծաբանների համաձայն, Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդին կողքին քաղաքական և ռազմական գործիչների մոտիկ գտնվելու միջոցով հնարավոր է որոշել իր «ներքին շրջանի» կազմը:

Կիմ Ջոնգ Իլի հուղարկավորության արարողությունը շարունակվելու է հինգշաբթի օրը:

Օտարերկրյա կառավարություններն ուշադիր հետևում են Փխենյանում տեղի ունեցող իրադարձություններին՝ ելնելով միջուկային ծրագիր, մեծ բանակ և հարևանների նկատմամբ թշնամանքի պատմություն ունեցող երկրում Կիմ Ջոնգ Ունի իշխանության գալու հանգամանքից:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո իր որդուն անհապաղ անվանել են «մեծ ժառանգորդ», երկրի զինված ուժերի գերագույն հրամանատար և իշխող Աշխատավորական կուսակցության ղեկավար:

XS
SM
MD
LG