Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեա. «Քաղաքականության փոփոխություն չի լինի»


Հյուսիսային Կորեա. «Քաղաքականության փոփոխություն չի լինի»
Հյուսիսային Կորեա. «Քաղաքականության փոփոխություն չի լինի»

Հյուսիսային Կորեան զգուշացրել է իր հարևան Հարավային Կորեային և ամբողջ աշխարհին այն մասին, որ իր նոր ղեկավար Կիմ Ջոնգ Ունի կառավարման օրոք չի նախատեսվում իրականացնել քաղաքականության որևէ փոփոխություն:

Կիմ Ջոնգ Իլի մահվան հետ կապված սգո արարողությունների ավարտից մեկ օր անց Հյուսիսային Կորեայի Ազգային պաշտպանության հանձնաժողովը հանդես է եկել «աշխարհի քաղաքական հիմար գործիչներին» հասցեագրված ուղերձով:

«Սույնով մենք հանդիսավոր և վստահորեն հայտարարում ենք, որ աշխարհի քաղաքական հիմար գործիչները, ներառյալ Հարավային Կորեայի մարիոնետային վարչակարգը, չպետք է մեզնից ակնկալեն որևէ փոփոխություն», - ասվել է Հյուսիսային Կորեայի Ազգային պաշտպանության հանձնաժողովի հայտարարությունում:

Պետական լրատվամիջոցներով տարածված հաղորդագրությունում նշվել է, որ Հյուսիսային Կորեան, երկրի նախկին առաջնորդի մահվանից հետո, համախմբվել է «Մեծ առաջնորդ»՝ ընկեր Կիմ Ջոնգ Ունի շուրջ:

Հյուսիսային Կորեան հայտարարել է նաև, որ երկիրը չի պատրաստվում որևէ առնչություն ունենալ Հարավային Կորեայի նախագահ Լի Մունգ-բակի հետ՝ վերջինիս կողմից Հյուսիսի նկատմամբ իրականացվող կոշտ քաղաքականության պատճառով:

Հարավային Կորեայի Միավորման նախարարության խոսնակ Չոյ Բոհ-սեոնը հայտնել է լրագրողներին, որ Հյուսիսային Կորեայի նախկին ղեկավարի մահվանից հետո Կորեայի թերակղզում «ավելացել է շարժունությունը»:

«Հյուսիսային Կորեայի գերագույն ղեկավարի մահվանից հետո Կորեական թերակղզում իրավիճակի շարժունությունն ավելացել է: Հարավային Կորեայի Միավորման նախարարության հաջորդ տարվա հիմնական խնդիրը կլինի իրավիճակի փոփոխությանն ուշադիր հետևելը և զարգացումներին ճկուն և անհապաղ արձագանքելը՝ մեր քաղաքականության համաձայն», - նշել է նախարարության խոսնակը:

XS
SM
MD
LG