«Նյու Յորք Թայմս». «ԱՄՆ-ը ակտիվացնում է գաղտնի պատերազմը Եմենում»

«Նյու Յորք Թայմս». «ԱՄՆ-ը ակտիվացնում է գաղտնի պատերազմը Եմենում»

«Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ակտիվացրել է գաղտնի պատերազմը Եմենում՝ առանց օդաչուի կառավարվող ինքնաթիռներ և կործանիչներ գործարկելով Եմենի կառավարության իշխանությունը թուլացնելու նպատակ հետապնդող զինյալների դեմ»։

Այս մասին հայտնել է «Նյու Յորք Թայմս» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց։ Թերթի համաձայն, օդային հարձակումների իրականացման գրեթե մեկ տարի տևած դադարից հետո Միացյալ Նահանգները ակտիվացրել է գործողություններն այս երկրում՝ փորձելով թույլ չտալ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալներին միավորել իրենց ուժերը։ Հարձակումները, թերթի վկայությամբ, իրականացվում են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հատուկ գործողությունների հրամանատարություն կողմից՝ ԿՀԳ-ի հետ սերտ համագործակցությամբ։

Թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի կործանիչներն անցյալ ուրբաթ ոչնչացրել են «ալ-Քաիդա»-ի միջին մակարդակի մի գործակալ և մի քանի այլ զինյալ, իսկ դրանից մի քանի շաբաթ առաջ առանց օդաչուի կառավարվող մի ինքնաթիռ հրթիռներ է արձակել ԱՄՆ-ում ծնված արմատական հոգևորական Անվար ալ-Ավլաքիի ուղղությամբ, որին Միացյալ Նահանգներն արդեն մեկ տարուց ավելի փորձում է ոչնչացնել։ Վերջինիս սակայն հաջողվել է փրկվել։

Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, որն այժմ բուժվում է Սաուդյան Արաբիայում, 2009 թվականին թույլատրել է Միացյալ Նահանգներին իր երկրում ռազմական գործողությունների իրականացումը, սակայն սահմանափակել է դրանց ծավալը և հրապարակայնորեն միշտ հայտնել, որ գործողություններն իրականացվում են Եմենի զինուժի կողմից։

ԱՄՆ-ի պարբերականի համոզմամբ, Միացյալ Նահանգները Եմենում հարձակումներն իրականացնում է՝ ելնելով այն համոզմունքից, որ «Արաբական թերակղզում ալ-Քաիդա»-ն ԱՄՆ-ի անվտանգության համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Աֆղանստանի հետ սահմանամերձ շրջանների սարերում թաքնվող զինյալները։

Եմենում գործող այս խմբավորումը 2009 թվականի Սուրբ Ծննդյան օրը փորձել է պայթյուն իրականացնել Ատլանտյան օվկիանոսը հատող մարդատար մի ինքնաթիռում, իսկ անցյալ տարի փորձել է տպիչի քարթրիջներում թաքնված ռումբի միջոցով պայթեցնել բեռնատար մի քանի օդանավ։